Օրենքի նոր տախտակները
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար երկու քարեղեն տախտակներ կոփիր նախորդների պես: Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որոնք գրված էին նախորդ տախտակների վրա, որոնք դու կոտրատեցիր:
2. Եվ առավոտյան պատրաստ եղիր: Վաղ առավոտյան կելնես Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կկանգնես Իմ առաջ:
3. Եվ թող ոչ ոք չելնի քեզ հետ, ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա, ոչ էլ որևէ ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»:
4. Եվ Մովսեսը երկու քարեղեն տախտակներ կոփեց նախորդների պես: Վաղ առավոտյան վեր կացավ, ելավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր և երկու քարեղեն տախտակներն իր ձեռքն առավ:
Աստված հայտնում է Իրեն
5. Եվ Տերն իջավ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, ու Տիրոջ անունը կանչեց:
6. Տերն անցավ Մովսեսի առջևով և կանչեց. «Ե՛ս եմ Տերը, Տեր Աստվածը, ողորմած, գթած և երկայնամիտ Աստվածը՝ առատ ողորմությամբ և ճշմարտությամբ:
7. Որ ողորմություն եմ անում հազարավոր մարդկանց և ներում անօրենություն, հանցանք ու մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին ու որդիների որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը»:
8. Մովսեսն իսկույն խոնարհվեց մինչև գետին ու երկրպագեց:
9. Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե շնորհ գտա Քո առաջ, թող իմ Տերն առաջնորդի մեզ, որովհետև սա մի խստապարանոց ազգ է: Ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ Քո ժառանգությունը դարձրու»:
Աստված նորոգում է Իր ուխտը
10. Եվ Տերն ասաց. «Ահա Ես ուխտ եմ անում. այնպիսի հրաշքներ պիտի գործեմ քո ամբողջ ժողովրդի առաջ, որ չեն եղել ողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ: Եվ ամբողջ ժողովուրդը, որի մեջ դու ես, պիտի տեսնի Տիրոջ գործը, որովհետև հիահրաշ է այն բանը, որ պիտի անեմ քո միջոցով:
11. Մի՛տդ պահիր, ինչ այսօր քեզ պատվիրում եմ: Ահա քո առջևից պիտի քշեմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին:
12. Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չհաստատես այն երկրի բնակիչների հետ, ուր պիտի գնաս, որպեսզի նրանք որոգայթ չդառնան ձեր մեջ:
13. Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք Աստարովթի արձանները,
14. Պիտի երկրպագություն չանես այլ աստվածների, որովհետև Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է Նա:
15. Գուցե այն երկրի բնակիչների հետ ուխտ հաստատես, և նրանք, գնալով իրենց աստվածների ետևից, կանչեն քեզ պոռնկություն անելիս և իրենց աստվածներին զոհ մատուցելիս, և դու ուտես նրանց զոհաբերածից:
16. Եվ գուցե քո որդիների համար կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկները, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկություն անելիս քո որդիներին պոռնկություն անել տան և այդպես նրանց տանեն իրենց աստվածների ետևից:
17. Ձուլածո աստվածներ չշինե՛ս քեզ համար:
18. Պահի՛ր բաղարջակերաց տոնը: Ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ կուտես Աբիբ ամսվա սահմանված օրերին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս եկար Եգիպտոսից:
19. Իմն է ամեն մոր արգանդ բացողը: Իմն է քո անասունների ամեն արու առաջնածինը, լինի արջառ, թե ոչխար:
20. Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե ոչ, այնժամ կկտրես նրա վիզը: Քո որդիների բոլոր առաջնեկների համար փրկագին կտաս, և թող ոչ ոք Իմ առաջ ձեռնունայն չերևա:
21. Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը՝ հանգստանաս: Պիտի հանգստանաս նաև վարուցանքի ու հնձի ժամանակ:
22. Կատարի՛ր շաբաթների տոնը, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, իսկ տարեվերջին՝ բերքահավաքի տոնը:
23. Տարվա մեջ երեք անգամ քո ամեն արու զավակ թող կանգնի Տիրոջ առաջ,
24. Որովհետև քո առջևից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները: Եթե տարվա մեջ երեք անգամ ելնես՝ Տիրոջ առաջ երևալու համար, ոչ ոք չի ցանկանա քո երկիրը:
25. Իմ զոհի արյունը չթափես թթխմորով հացի վրա, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ պիտի չմնա:
26. Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծո տունը: Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»:
27. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գրի՛ առ այս խոսքերը քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ հաստատեցի քեզ հետ և Իսրայելի հետ»:
28. Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր Մովսեսը մնաց այնտեղ՝ Տիրոջ մոտ: Հաց չկերավ և ջուր չխմեց և տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները:
Մովսեսի երեսի լուսափայլը
29. Եվ Մովսեսն իջավ Սինա լեռան վրայից. ձեռքին էին վկայության երկու տախտակները: Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր:
30. Եվ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլ էր, ու վախեցան նրան մոտենալ։
31. Եվ Մովսեսը կանչեց նրանց: Ահարոնն ու ժողովրդի բոլոր առաջնորդները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ:
32. Եվ ապա մոտեցան Իսրայելի բոլոր որդիները: Մովսեսը նրանց պատվիրեց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա:
33. Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը. նա իր երեսին քող էր դրել:
34. Երբ Մովսեսը մտնում էր Տիրոջ մոտ՝ Նրա հետ խոսելու, մինչև դուրս գալը հանում էր քողը, և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին հայտնում էր, թե ինչ պատվիրեց իրեն Տերը:
35. Եվ Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլ էր: Եվ Մովսեսը քողով ծածկում էր իր երեսը մինչև խոսելու համար Նրա մոտ մտնելը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: