Գիրք` 1. Ծննդոց

Գլուխ 49

ՅԱԿՈԲԻ ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔԵՐԸ
   
1. Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:
2. Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին:
3. Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:
4. Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօր ու պղծել այնժամ մահիճը նրա:
5. Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին անիրաւութիւն գործեցին կամովին:
6. Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ. նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցին հաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:
7. Անիծեալ լինի ցասումը նրանց, քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը, քանզի սաստիկ էր: Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ, կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:
8. Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո. ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ: Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:
9. Յուդա՛, կորի՛ւն առիւծի, իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ, Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ, որպէս կորիւն առիւծի: Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան:
10. Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները:
11. Իր աւանակին կը կապի որթից, իսկ որթի ոստից՝ էշի քուռակին: Իր պատմուճանը կը լուայ գինով եւ իր հագուստը՝ խաղողի արեամբ:
12. Գինուց զուարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:
13. Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստ ու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:
14. Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում:
15. Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակ ու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ:
16. Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.
17. Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝ խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա:
18. Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան:
19. Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնի եւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:
20. Ասերի հացը առատ կը լինի, իշխաններին էլ նա պարէն կը տայ:
21. Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է, որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում:
22. Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի, դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:
23. Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:
24. Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց, ու թուլացան ջլերը նրանց բազուկների Յակոբի հզօր Աստծու ձեռքով,
25. նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝ Աստծուց քո հօր: Եւ քեզ օգնեց Աստուածն իմ, նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային, ամէն ինչով լի երկրի օրհնութեամբ եւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:
26. Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւնն առաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների, քան օրհնանքը յաւիտենական բլուրների, իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների, որոնց առաջնորդեց նա:
27. Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ, առաւօտեան իր որսն ուտող, երեկոյեան պատառ բաշխող»:
28. Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են: Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ: Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ:
29. Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,
30. Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:
31. Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:
32. Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը: