Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 16

ԼՔԵԱԼ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
   
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛.
3. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ:
4. Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու 873 համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր:
5. Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել: Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար: Այն օրը, երբ դու ծնուեցիր,
6. մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ: Ասացի քեզ՝ Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է:
7. Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ»»: Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը: Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր:
8. Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ 874 եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը: Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ: Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար:
9. Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով:
10. Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի:
11. Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ:
12. Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ փառապսակ:
13. Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով: Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած: Նաշիհ 875 կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով:
14. Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր», - ասում է Ամենակալ Տէրը:
   
ՊՈՌՆԿԱՑԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
   
15. «Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել:
16. Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր: Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու:
17. Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ:
18. Քո գեղեցիկ հագուստն առար ու նրանց վրայ գցեցիր, իմ իւղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր:
19. Հացն էլ, որ տուել էի քեզ, նաշիհը, իւղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, - որպէս անուշահոտութիւն նրանց առաջ դրեցիր:
20. Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր:
21. Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր:
22. Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները: Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել
23. Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը: -
24. Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում,
25. բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ:
26. Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես:
27. Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից:
28. Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար: Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար:
29. Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար:
30. Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ:
31. Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում: Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում,
32. որովհետեւ ամէն պոռնիկ կին չէ, որ քեզ նման շնանում է իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ առնում ու վարձ տալիս իր հոմանիներին:
33. Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու:
34. Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս: Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ»:
   
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
   
35. «Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր, Տիրոջ պատգամները:
36. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, -
37. ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները:
38. Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը:
39. Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած:
40. Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով:
41. Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ: Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ:
42. Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու:
43. Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը: - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր”:
   
ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ԱՒԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՄԻՒՍ ՔԱՂԱՔՆԵՐԸ
   
44. Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ «Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”:
45. Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին: Ձեր մայրը քետացի 876 էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի:
46. Ձեր աւագ քոյրը Շամրինն 877 է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում:
47. Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր:
48. Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը:
49. Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն: Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ: Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ: Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին,
50. մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում: Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց:
51. Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց: Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել:
52. Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ: Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ»:
   
ՍՈԴՈՄՆ ՈՒ ՍԱՄԱՐԻԱՆ ԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՈՒԵՆ
   
53. Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու,
54. որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես:
55. Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ:
56. Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին,
57. քանի դեռ չէին բացայայտուել չարագործութիւններդ, ինչպէս որ հիմա ես նախատւում Ասորիքի ու նրա շուրջ գտնուող բոլոր այլազգիների դուստրերի առաջ, -
58. ուրեմն քաղի՛ր քո ամբարշտութիւնների ու անօրէնութիւնների պտուղները»», - ասում է Տէրը:
   
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ
   
59. «Ամենակալ Տէրն այսպէս է ասում. «Քեզ հետ վարուելու եմ այնպէս, ինչպէս դու ես վարուել, ինչպէս որ անարգել ես ամէն բան ու զանց առել իմ ուխտը:
60. Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը:
61. Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին: Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից:
62. Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը:
63. Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես»», - ասում է Ամենակալ Տէրը: