Գիրք` 2. Ելք

Գլուխ 10

Մորեխները
   
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև Ես խստացրի նրա սիրտը և նրա ծառաների սիրտը, որպեսզի նրանց մեջ ցույց տամ Իմ այս նշանները:
2. Եվ որպեսզի պատմես քո որդուն և որդուդ որդուն, թե ինչ արեցի եգիպտացիների մեջ, նաև՝ Իմ նշանների մասին, որ ցույց տվեցի նրանց, որպեսզի իմանաք, որ Ես եմ Տերը»:
3. Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես խոնարհվելու Իմ առաջ: Արձակի՛ր Իմ ժողովրդին, որ նրանք պաշտեն Ինձ:
4. Որովհետև եթե չուզենաս արձակել Իմ ժողովրդին, ահա վաղը քո սահմաններին մորեխներ կուղարկեմ,
5. Որոնք կծածկեն երկրի երեսը, և որևէ մեկը չի կարողանալու տեսնել երկիրը: Նրանք կուտեն կարկտից չվնասված ամեն բան և արտի մեջ աճած ձեր բոլոր ծառերը:
6. Նրանք կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները, բոլոր եգիպտացիների տները, և նման բան ձեր հայրերից և ձեր հայրերի հայրերից ոչ ոք տեսած չի լինի երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»: Եվ նա դուրս եկավ փարավոնի մոտից:
7. Եվ փարավոնի ծառաներն ասացին նրան. «Մինչև ե՞րբ պիտի նա որոգայթ լինի մեզ համար: Արձակի՛ր այդ մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն: Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»:
8. Եվ Մովսեսին ու Ահարոնին բերեցին փարավոնի մոտ, ու նա ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, ովքե՞ր են գնացողները»:
9. Եվ Մովսեսն ասաց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր որդիներով ու մեր դուստրերով, մեր հոտերով ու մեր արջառներով, որովհետև Տիրոջ տոնն է մեզ համար»:
10. Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն թող Տերը ձեզ հետ լինի: Ես կարձակեմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխաներին: Բայց զգուշացե՛ք, քանի որ չարություն կա ձեր մեջ:
11. Այդպես չի՛ լինի, կգնաք միայն դուք՝ այրերդ, և կպաշտեք Տիրոջը, որովհետև դուք այդ էիք ուզում»: Եվ նրանց դուրս արեցին փարավոնի առջևից:
12. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտոսի երկրի վրա, որպեսզի մորեխներ ելնեն և ուտեն Եգիպտոսի երկրի ամբողջ բուսականությունը՝ այն ամենը, ինչ մնացել է կարկտից հետո»:
13. Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա, և Տերն այդ ամբողջ օրն ու ամբողջ ցերեկը արևելյան հողմ բարձրացրեց երկրի վրա: Եվ երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխներ բերեց:
14. Եվ մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա ու Եգիպտոսի բոլոր սահմանների վրա այնքան շատ, որ ոչ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել և ոչ էլ դրանից հետո եղավ:
15. Եվ դրանք ծածկեցին երկրի ամբողջ երեսը, ու երկիրը խավարեց: Կերան երկրի ամբողջ բուսականությունը և կարկտից մնացած ծառերի բոլոր պտուղները: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում՝ ո՛չ ծառերի, ո՛չ էլ արտերում եղած տնկիների վրա, կանաչ ոչինչ չմնաց:
16. Եվ փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծո և ձեր դեմ:
17. Եվ հիմա խնդրում եմ, այս անգամ ևս ներե՛ք իմ հանցանքը և աղաչե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից հեռացնի այս մահաբեր աղետը»:
18. Եվ նա դուրս եկավ փարավոնի մոտից ու աղաչեց Տիրոջը:
19. Եվ Տերը մի ուժգին արևմտյան հողմ ուղարկեց, որն առավ մորեխներին ու քշեց դեպի Կարմիր ծովը: Եվ Եգիպտոսի բոլոր սահմաններում մեկ մորեխ անգամ չմնաց:
20. Սակայն Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին:
Խավարը
21. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որ Եգիպտոսի երկրի վրա խավար լինի, շոշափելի խավար»:
22. Եվ Մովսեսն իր ձեռքը դեպի երկինք մեկնեց, և Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ երեք օր թանձր խավար եղավ:
23. Մարդ մարդու չէր տեսնում, երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ, բայց Իսրայելի բոլոր որդիները լույս ունեին իրենց բնակավայրերում:
24. Եվ փարավոնը կանչեց Մովսեսին ու ասաց. «Գնացե՛ք ձեր ընտանիքներով ու պաշտե՛ք Տիրոջը, թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները»:
25. Եվ Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր ու ողջակեզներ էլ տաս, որ մատուցենք մեր Տեր Աստծուն:
26. Եվ մեր հոտերն էլ պետք է գան մեզ հետ: Դրանցից մեկ կճղակ անգամ պիտի չմնա, որովհետև մեր Տեր Աստծուն դրանցից զոհ ենք մատուցելու: Եվ մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ինչ պիտի զոհաբերենք մեր Տիրոջը»:
27. Եվ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ու նա չցանկացավ արձակել նրանց:
28. Եվ փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից: Զգուշացի՛ր անձիդ համար, որ իմ երեսն էլ չտեսնես, որովհետև այն օրը, երբ կտեսնես իմ երեսը, պիտի մեռնես»:
29. Եվ Մովսեսն ասաց. «Լա՛վ ասացիր, քո երեսն այլևս չեմ տեսնի»: