Խորանը կանգնեցնում են և օրհնում
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Առաջին ամսվա առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ վկայության խորանը,
3. Վկայության տապանակը կդնես նրա մեջ ու այն կծածկես վարագույրով:
4. Եվ ներս կբերես սեղանը ու դրա վրա կշարես դրվող հացերը: Ներս կբերես աշտանակը ու կվառես դրա ճրագները:
5. Եվ վկայության տապանակի առաջ կդնես խնկարկության ոսկե սեղանը ու խորանի մուտքին վարագույր կդնես:
6. Եվ խորանի, այսինքն՝ վկայության խորանի մուտքի առաջ կդնես ողջակեզի զոհասեղանը:
7. Եվ ավազանը կդնես վկայության խորանի և զոհասեղանի միջև ու նրա մեջ ջուր կլցնես:
8. Խորանի շուրջը կկանգնեցնես գավիթը և գավթի մուտքը կծածկես վարագույրով:
9. Կվերցնես օծության յուղը ու կօծես խորանը և նրանում եղած ամեն բան: Եվ կսրբագործես նրան ու նրա բոլոր անոթները, որ սուրբ լինեն:
10. Կօծես ողջակեզի զոհասեղանը և դրա բոլոր գործիքները: Այդպես կսրբագործես զոհասեղանը, և այն ամենասուրբ կլինի:
11. Եվ կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես:
12. Եվ Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես վկայության խորանի մուտքին և ջրով կլվանաս նրանց:
13. Ահարոնին կհագցնես սրբազան զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որ Ինձ համար քահանայություն անի:
14. Եվ նրա որդիներին էլ մոտ կբերես ու նրանց շապիկներ կհագցնես:
15. Եվ նրանց էլ կօծես, ինչպես որ օծեցիր նրանց հորը, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն: Եվ նրանց օծումն իրենց սերունդների մեջ թող լինի հավիտենական քահանայության համար»:
16. Եվ Մովսեսն արեց ամեն բան: Ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, այդպես արեց:
17. Եվ երկրորդ տարվա առաջին ամսվա առաջին օրը կանգնեցվեց խորանը:
18. Եվ Մովսեսը կանգնեցրեց խորանը: Նա դրեց խարիսխները, կանգնեցրեց դրա տախտակները, անցկացրեց դրա նիգերը և կանգնեցրեց սյուները:
19. Եվ խորանի վրա տարածեց վրանը ու վերևից դրեց վրանի ծածկոցը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
20. Եվ վերցրեց վկայությունը ու դրեց տապանակի մեջ: Ձողերը հագցրեց տապանակին և վերևից կափարիչը դրեց տապանակի վրա:
21. Եվ տապանակը բերեց խորանից ներս, կախեց ծածկող վարագույրը և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
22. Եվ սեղանը դրեց վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմում, վարագույրից դուրս:
23. Եվ նրա վրա Տիրոջ առջև շարքով դրեց հացերը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
24. Եվ աշտանակը դրեց վկայության խորանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմում:
25. Եվ Տիրոջ առջև ճրագներ վառեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
26. Եվ ոսկե սեղանը դրեց վկայության խորանի մեջ՝ վարագույրի առջև:
27. Եվ նրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
28. Եվ խորանի մուտքին վարագույր դրեց:
29. Եվ խորանի, այսինքն՝ վկայության խորանի մուտքի մոտ դրեց ողջակեզի զոհասեղանը: Դրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
30. Եվ ավազանը դրեց վկայության խորանի և զոհասեղանի միջև ու դրա մեջ լվացվելու համար ջուր լցրեց:
31. Եվ Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը:
32. Նրանք լվացվում էին վկայության խորան մտնելիս և սեղանին մոտենալիս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
33. Եվ վկայության խորանի ու սեղանի շուրջը կանգնեցրեց գավիթը, որի մուտքին վարագույր կախեց: Այսպիսով, Մովսեսն ավարտեց բոլոր գործերը:
Խորանը լցվում է Տիրոջ փառքով
34. Եվ մի ամպ ծածկեց վկայության խորանը, ու խորանը լցվեց Տիրոջ փառքով:
35. Եվ Մովսեսը չէր կարողանում մտնել վկայության խորանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և խորանը լի էր Տիրոջ փառքով:
36. Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց ամբողջ բազմությամբ:
37. Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում, մինչև նրա վերանալու օրը,
38. Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը խորանի վրա էր լինում, իսկ գիշերը խորանի վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճանապարհներին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: