Մովսեսը նոր պատվեր և նոր խոստում է ստանում
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այժմ կտեսնես, թե փարավոնին ինչ պիտի անեմ: Նա մի հզոր ձեռքով կարձակի նրանց և մի հզոր ձեռքով կհեռացնի իր երկրից»:
2. Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ ու ասաց նրան. «Ես եմ Տերը,
3. Որ երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին “Ամենակարող Աստված” անունով, բայց իմ “Տեր” անունով նրանց չհայտնվեցի:
4. Նաև Իմ ուխտը հաստատեցի նրանց հետ, որ իրենց տամ Քանանի երկիրը՝ իրենց պանդխտության երկիրը, որտեղ պանդուխտ եղան:
5. Եվ լսեցի նաև Իսրայելի որդիների հեծեծանքը, որոնց ծառայեցրել են եգիպտացիները, ու հիշեցի Իմ ուխտը:
6. Այդ պատճառով ասա՛ Իսրայելի ժողովրդին. “Ես եմ Տերը, և Ես ձեզ դուրս կբերեմ եգիպտացիների ծանր լծից, ձեզ կազատեմ նրանց ծառայությունից և կփրկեմ ձեզ մեկնած բազուկով ու մեծ դատաստաններով:
7. Եվ ձեզ Իմ ժողովուրդը կդարձնեմ ու ձեզ համար Աստված կլինեմ: Եվ պիտի իմանաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, ձեզ եգիպտացիների ծանր լծից դուրս բերողը:
8. Ես ձեզ կտանեմ դեպի այն երկիրը, որը երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին: Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն: Ես եմ Տերը”»:
9. Եվ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, սակայն նրանք, սրտմտած լինելով և տաժանակիր ծառայության պատճառով, չլսեցին Մովսեսին:
10. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
11. «Մտի՛ր և խոսի՛ր Եգիպտոսի արքա փարավոնի հետ, որպեսզի նա իր երկրից արձակի Իսրայելի որդիներին»:
12. Եվ Մովսեսը խոսեց Տիրոջ առջև՝ ասելով. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չեն լսում, ապա փարավոնը ինձ ինչպե՞ս կլսի, ինձ, որ ծանրալեզու եմ»:
13. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և նրանց Իսրայելի որդիներին և Եգիպտոսի արքա փարավոնին ուղղված հրաման տվեց՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից դուրս բերելու համար:
Մովսեսի ազգաբանությունը
14. Ահա սրանք են նրանց հայրերից յուրաքանչյուրի տան գլուխը. Իսրայելի անդրանիկ Ռուբենի որդիներն էին Ենոքը, Փաղղուսը, Եսրոնը և Քարմին: Սա Ռուբենի ազգատոհմն է:
15. Եվ Շմավոնի որդիներն էին Համուելը, Համին, Ոհադը, Հաքին, Սահառը և քանանացի կնոջ որդին՝ Սավուղը: Սա Շմավոնի ազգատոհմն է:
16. Եվ սրանք էին Ղևիի որդիների անունները՝ ըստ իրենց ծնունդների. Գերսոն, Կահաթ և Մերարի: Եվ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի:
17. Եվ Գերսոնի որդիներն էին Ղոբենին և Սեմեին՝ իրենց տոհմերով:
18. Եվ Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Ոզիելը: Եվ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի:
19. Եվ Մերարի որդիներն էին Մոողին եւ Մուսին: Սա Ղևիի տոհմն է՝ ըստ իրենց սերունդների:
20. Եվ Ամրամը կնության առավ իր հորաքույր Հոքաբեդին, և սա նրա համար ծնեց Ահարոնին ու Մովսեսին: Եվ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի:
21. Եվ Իսահառի որդիներն էին Կորխը, Նափեկը և Զեքրին:
22. Եվ Ոզիելի որդիներն էին Միսայելը, Եղիսափան և Սեթրին:
23. Եվ Ահարոնը կնության առավ Ամինադաբի դստերը՝ Նաասոնի քույր Եղիսաբեթին: Եվ սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին:
24. Եվ Կորխի որդիներն էին Ասիրը, Եղկանան և Աբիասափը՝ իրենց տոհմերով:
25. Եվ Ահարոնի որդի Եղիազարը կնության առավ Փուտիելի դուստրերից մեկին, և սա նրա համար ծնեց Փենեհեսին: Սրանք էին ղևտացիների նախահայրերը՝ իրենց տոհմերով:
26. Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Տերն ասաց. «Դո՛ւրս բերեք Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից՝ իրենց զորքերով հանդերձ»:
27. Նրանք էին, որ խոսեցին Եգիպտոսի արքա փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերելու համար, այս Մովսեսն ու Ահարոնն էին:
28. Եվ այն օրը, Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում:
29. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես եմ Տերը, խոսի՛ր Եգիպտոսի արքա փարավոնի հետ այն ամենը, ինչ որ քեզ ասում եմ»:
30. Եվ Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա ես ծանրալեզու եմ, փարավոնն ինձ ինչպե՞ս կլսի»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: