Գիրք` 2. Ելք

Գլուխ 7

Մովսեսն ու Ահարոնը հրաշքներ են գործում.
   
1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ մի աստված դարձրի փարավոնի համար, իսկ քո եղբայր Ահարոնը թող քո մարգարեն լինի:
2. Դու իրեն կհայտնես այն ամենը, ինչ որ քեզ կհրամայեմ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ նա իր երկրից արձակի Իսրայելի որդիներին:
3. Եվ Ես կխստացնեմ փարավոնի սիրտը ու կշատացնեմ Իմ նշաններն ու հրաշքները Եգիպտոսի երկրում:
4. Փարավոնը ձեզ չի լսի, և Ես Իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա ու Իմ զորքերը՝ Իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, մեծ դատաստաններով դուրս կբերեմ Եգիպտոսի երկրից:
5. Եվ երբ մեկնեմ Իմ ձեռքը Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս բերեմ նրանց միջից, այնժամ եգիպտացիները կիմանան, որ Ես եմ Տերը»:
6. Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց: Նրանք այդպես արեցին:
7. Եվ Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ:
8. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
9. «Երբ փարավոնը խոսի ձեզ հետ և ասի. “Մի հրաշք ցույց տվեք”, այնժամ կասես Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և գցի՛ր փարավոնի առաջ”, և այն վիշապ կդառնա»:
10. Եվ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին, ինչպես պատվիրել էր Տերը: Եվ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, ու այն վիշապ դարձավ:
11. Փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդությամբ այդպես արեցին:
12. Ամեն մեկը գցեց իր գավազանը, ու դրանք վիշապներ եղան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազաններին:
13. Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, ու նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը:
   
Մովսեսն ու Ահարոնը ջուրն արյուն են դարձնում
   
14. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը խստացավ, ու նա չի ուզում արձակել ժողովրդին:
15. Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ: Ահա նա գնում է դեպի գետը. կանգնի՛ր նրա դիմաց՝ գետեզերքին, և ձեռքդ առ օձ դարձած գավազանը,
16. Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ոււղարկել է քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր Իմ ժողովրդին՝ անապատում Ինձ պաշտելու համար”, սակայն մինչև հիմա դու չլսեցիր:
17. Այսպես է ասում Տերը. "Սրանով կիմանաս, որ Ես եմ Տերը": Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրերին, և ջրերն արյուն կդառնան:
18. Եվ գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»:
19. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և տարածի՛ր ձեռքդ եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և դրանք արյուն կդառնան: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտի ու քարե ամանների մեջ եղած բոլոր ջրերն արյուն կդառնան”»:
20. Եվ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես պատվիրեց Տերը. նա բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին, և գետի բոլոր ջրերն արյուն դարձան:
21. Եվ սատկեցին գետում եղած բոլոր ձկները, գետը նեխեց և, եգիպտացիները չկարողացան գետից ջուր խմել: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն կար:
22. Եվ Եգիպտոսի մոգերը ևս իրենց կախարդություններով այդպես արեցին: Փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես ասել էր Տերը՝ նրանց չլսեց:
23. Եվ փարավոնը վերադարձավ իր տուն. սա էլ չդիպավ նրա սրտին:
24. Եվ բոլոր եգիպտացիները գետի շուրջը հորեր փորեցին՝ խմելու ջուր գտնելու համար, որովհետև չէին կարողանում խմել գետի ջրից:
25. Եվ յոթ օր անցավ այն օրից, երբ Տերը հարվածել էր գետին: