ԱՄԲԱՐՏԱՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ԽՈՆԱՐՀՈՒԻ
1․ Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին:
2․ Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը:
3․ Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ.
4․ «Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց, աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան»:
5․ Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը:
6․ Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին: Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու:
ԱՆՄԽԻԹԱՐ ՔԱՂԱՔԸ
7․ Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն:
8․ Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին:
9․ Խմողներն ամօթահար եղան ու այլեւս գինի չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար:
10․ Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար:
11․ Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը:
12․ Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն: Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ:
13․ Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց: Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն:
ՏԻՐՈՋ ՓԱՌՔԻ ԵՐԳԸ
14․ Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն:
15․ Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի: Ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի,
16․ երկրի ծայրերից հրաշալի օրհնութիւն լսեցինք. «Յո՛յս բարեպաշտին». եւ թող ասեն. «Ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ եւ իւրայիններիս համար է»: Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրէնքները:
17․ Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ:
18․ Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, եւ ով որ ելնի գբից՝ թող բռնուի որոգայթի մէջ: Ահա բացուեցին երկնքի պատուհանները, եւ երկրի հիմքերը ցնցուեցին:
19․ Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի եւ խոնարհուի:
20․ Երկիրը պիտի շարժուի ու ցնցուի ինչպէս այգու պահապանի տնակ, հարբածի ու երերուողի պէս պիտի գլորուի եւ պիտի չկարողանայ ոտքի կանգնել, որովհետեւ նրա վրայ ծանրացել է անօրէնութիւնը:
ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ ԵՒ ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ
21․ Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ:
22․ Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց:
23․ Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: