Գիրք` 31. Եսայի

Գլուխ 27

ՏԻՐՈՋ ԱՅԳԻՆ
   
1․ Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով վիշապին:
2․ Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի:
3․ «Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է: Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրաւուի, իսկ ցերեկը խորտակուի նրա պարիսպը:
4․ Չեղաւ մէկը, որ ձեռք չտար նրան: Ո՞վ է, որ կ՚օգնի ինձ ագարակի մէջ պահպանելու արտի հունձը: Սրա համար պատերազմողին այսուհետեւ պիտի անարգեմ: Ահա թէ ինչու Տէրը կատարեց այն ամէնը, ինչ որ կարգադրեց: «Այրուեցինք», - ասում են ու բողոքում նրա բնակիչները. -
5․ եկէ՛ք նրա հետ խաղաղութիւն պահենք»:
6․ Յակոբի հաւաքուած որդիները նոր տունկի նման պիտի ընձիւղներ տան. Պիտի ծաղկի Իսրայէլը, եւ աշխարհը պիտի լցուի նրա պտղով:
7․ Մի՞թէ սա այնպէս պիտի վիրաւորուի, ինչպէս որ Նա հարուածեց նրան, կամ այնպէս պիտի սպանուի, ինչպէս որ սպանեց նրան:
8․ Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր, արդեօք, որ խստասրտօրէն եւ բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»:
9․ Ուստի Յակոբի անօրէնութիւնը պէտք է վերանայ, եւ այս է լինելու նրա օրհնութիւնը, երբ ազատեմ նրան իր մեղքերից: Այն ժամանակ նրա մեհեանների բոլոր քարերը մանր փոշու պէս պիտի փշրեն, այլեւս չեն պահպանուելու նրանց պաշտամունքի կուռքերը,
10․ այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով: Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի տեղի, ուր հօտն է մակաղելու կամ ուր լքուած ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արօտավայր է դառնալու այն, որտեղ եւ նրանք հանգրուանելու են:
11․ Երկար ժամանակ անց այնտեղ դալար բոյս չի գտնուելու, որովհետեւ այդ տեղը պիտի չորանայ: Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դուք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է: Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած, նա, որ ստեղծել է ձեզ: Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու:
   
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՒԱՔՈՒԵՆ
   
12․ Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին:
13․ Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լերան վրայ երկրպագեն Տիրոջը: