ԱՆՄԵՂԻ ԱՂՕԹՔԸ
1․ Աղօթք Դաւթի
Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ:
2․ Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն:
3․ Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց:
4․ Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին:
5․ Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի:
6․ Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը:
7․ Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ:
8․ Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ
9․ ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ: Թշնամիներն ինձ պաշարեցին՝
10․ խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց:
11․ Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել:
12․ Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում:
13․ Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից:
14․ Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց: Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին:
15․ Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: