Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 137

ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
   
Սաղմոս Դաւթի
1. Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ, քանզի լսեցիր խօսքը բերանիս:
2. Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ եւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ քո ողորմութեան ու ճշմարտութեան համար, քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուիր սուրբ անունդ:
3. Որ օրը որ քեզ ձայն տամ, իսկոյն լսի՛ր ինձ, եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ:
4. Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները, քանզի լսեցին բերանիդ խօսքերը:
5. Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, քանզի մեծ է փառքը Տիրոջ:
6. Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում:
7. Երբ անցնեմ նեղութիւնների միջով, դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից: Ձեռքդ կը մեկնես, եւ քո աջը կը փրկի ինձ:
8. Տէրը կը հատուցի իմ փոխարէն. Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր: