Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 139

ԸՆԴԴԷՄ ՉԱՐԵՐԻ
   

1. Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2. Ազատի՛ր ինձ, Տէ՛ր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ:
3. Իրենց սրտում նրանք անօրէնութիւն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին:
4. Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կայ իժի:
5. Պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ:
6. Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ, եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրին:
7. Ասացի. «Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէ՛ր, աղօթքիս ձայնին»:
8. Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն, գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ:
9. Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դէմ: Ինձ երեսի վրայ մի՛ թող, որ նրանք երբեք չբարձրանան, եւ նրանց մտադրութիւնները չկատարուեն:
10. Թող նրանց կատարածի վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց:
11. Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկուել:
12. Չարալեզու մարդը յաջողութիւն չի ունենայ երկրի վրայ. մեղաւոր մարդուն իր չարագործութիւնները կորստեան կը մատնեն:
13. Գիտեմ, Տէ՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում եւ տնանկի իրաւունքն ես պաշտպանում:
14. Արդարները գոհութիւն պիտի մատուցեն քո անուանը, ուղղամիտները պիտի բնակուեն քո դիմաց: