Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 1

Ճշմարիտ երջանկությունը
   
1․ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,

2․ Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։

3․ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։

4․ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։

5․ Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում,

6․ Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։