Շնորհակալության աղոթք Դավթի սաղմոս։ Տան նավակատիքի երգ։
1․ Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ և իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։
2․ Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։
3․ Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։
4․ Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,
5․ Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։
6․ Իմ հաջողության մեջ ես ասացի. «Իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան»։
7․ Տե՛ր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։
8․ Տե՛ր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։
9․ Ի՞նչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը. մի՞թե հողը պիտի փառաբանի քեզ և պատմի քո ճշմարտությունը։
10․ Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։
11․ Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։
12․ Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: