Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 37

Չարի և բարու վիճակը Դավթի (սաղմոս)։

 

1. Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

2. Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։

3. Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

4. Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

5. Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

6. Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

7. Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

8. Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,

9. Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10. Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։

11. Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։

12. Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։

13. Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

14. Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։

15. Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։

16. Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։

17. Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։

18. Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

19. Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։

20. Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։

21. Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։

22. Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։

23. Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։

24. Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։

25. Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։

26. Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։

27. Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։

28. Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

29. Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։

30. Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

31. Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։

32. Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։

33. Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։

34. Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։

35. Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։

36. Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։

37. Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։

38. Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։

39. Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։

40. Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։