Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 14

Մարդկանց անզգամությունը Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
 
1․ Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։

2․ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։

3․ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

4․ Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։

5․ Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։

6․ Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։

7․ Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։