Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 124

Աստված՝ ժողովրդի Պահապանը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

     
1․ Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2․ Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,

3․ Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,

4․ Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,

5․ Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։

6․ Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։

7․ Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։

8․ Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։