Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 98

Աստված՝ աշխարհի Տիրակալը
 

1․ Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։

2․ Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։

3․ Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։

4․ Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։

5․ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։

6․ Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։

7․ Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։

8․ Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին

9․ Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։