ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՇԽԱՐՀԻ ԻՇԽԱՆ
Սաղմոս Դաւթի
1․ Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործութիւններ արեց նա: Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան:
2․ Տէրը ցոյց տուեց իրենից եկող փրկութիւնը, ազգերի առջեւ յայտնեց իր արդարութիւնը:
3․ Իր ողորմութեամբ յիշեց Յակոբին, իր ճշմարտութեամբ՝ տունն Իսրայէլի. եւ երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու շնորհած փրկութիւնը:
4․ Աղաղակի՛ր Տիրոջ առջեւ, ո՛ղջ երկիր. օրհնեցէ՛ք, ցնծացէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք:
5․ Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն օրհնութեամբ, օրհնութեամբ ու սաղմոսերգութեամբ:
6․ Կոփածոյ շեփորի օրհնութեան ձայնով, օրհնութեամբ, ցնծութեամբ ու եղջերափողի ձայնով աղաղակեցէ՛ք Տիրոջ՝ թագաւորի առջեւ:
7․ Թող խռովուի ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով, տիեզերքն իր ամբողջ բնակիչներով:
8․ Եւ գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջեւ,
9․ քանզի Տէրը եկել հասել է՝ երկիրը դատելու: Նա պիտի դատի աշխարհն արդարութեամբ, եւ իր ժողովուրդներին՝ ճշմարտութեամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: