Միակ ճշմարիտ Աստվածը
1․ Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։
2․ Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։
3․ Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։
4․ Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր.
5․ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,
6․ Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում,
7․ Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։
8․ Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։
9․ Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։
10․ Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։
11․ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։
12․ Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։
13․ Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14․ Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։
15․ Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
16․ Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։
17․ Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները,
18․ Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: