ՄԻԱԿ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾԸ
1. Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար:
2․ Թող երբեք հեթանոսների մէջ չասեն, թէ՝ «Նրանց Աստուածն ո՞ւր է»:
3․ Մեր Աստուածը երկնքում է եւ երկրի վրայ. ինչ որ նա ուզեց՝ արեց:
4․ Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների:
5․ Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում:
6․ Ականջներ ունեն՝ բայց չեն լսում, քիթ ունեն՝ բայց չեն հոտոտում:
7․ Ձեռքեր ունեն՝ բայց չեն շօշափում, ոտքեր ունեն՝ բայց չեն քայլում, եւ նրանց կոկորդում ձայն չկայ:
8․ Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ:
9․ Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ապաւէնն է:
10․ Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է:
11․ Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ, որը նրանց օգնականն ու փրկիչն է:
12․ Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի:
13․ Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին:
14․ Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին:
15․ Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց:
16․ Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին:
17․ Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում,
18․ այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: