Գիրք` 30. Յովբ

Գլուխ 22

   
1. Կրկնեալ անդրէն Եղիփազու Թեմնացւոյ ասէ:

2. Ոչ ապաքէն Տէր է` որ ուսուցանէ զիմաստութիւն եւ զհանճար:

3. Իսկ արդ զի՞ փոյթ է Տեառն, եթէ դու էիր անարատ գործովք քովք. կամ զի՞նչ աւգուտ է թէ պարզեսցես զճանապարհս քո:

4. Կամ համարեա՞լ ինչ զքեզ յանդիմանեսցէ՞ զքեզ, եւ մտանից՞է ընդ քեզ ի դատաստան:

5. Ոչ ապաքէն չարութիւն քո բազում է, եւ անթիւ են մեղք քո:

6. Գրաւեցեր դու զեղբարս քո տարապարտուց, եւ զզգեստ մերկոց զերծեր:

7. Ջուր ծարաւեաց ոչ արբուցեր, եւ զհաց քաղցելոց հատեր:

8. Ակն առեր երեսաց ոմանց, եւ բնակեցուցեր զնոսա յերկրի:

9. Արձակեցեր զայրիս ունայնս, եւ զորբս չարչարեցեր:

10. Եւ արդ պատեցան զքեւ որոգայթք, եւ տագնապեաց զքեզ պատերազմ անհնարին:

11. Լոյսն քո քեզ խաւար դիպեցաւ. եւ ի քուն ծածկեաց զքեզ ջուր:

12. Միթէ որ ի բարձունս նայի ո՞չ տեսանիցէ. նա աւանիկ զզգածեալսն ամբարտաւանութեամբ խոնարհեցոյց:

13. Եւ ասացեր թէ զի՞ ծանեաւ հզաւրն. կամ թէ ի միգի՞ դատիցի:

14. Ամպ ծածկութիւն նորա, եւ ո՞չ երեւեսցի. եւ ընդ ծի՞ր երկնից շրջեսցի:

15. Մի` զշաւիղս յաւիտենականս պահեսցէ, զորս կոխեսցեն արք արդարք`

16. որք յափշտակեցան տարաժամ: Գետ բղխեալ հիմունք նոցա.

17. ոյք ասէին զի՞ արասցէ մեզ Տէր, կամ զի՞նչ ածցէ ի վերայ մեր ամենակալն:

18. Եւ նա ելից զտունս նոցա բարութեամբ. բայց խորհուրդ ամպարշտաց հեռի է ի նմանէ:

19. Տեսեալ արդարոց ծիծաղեցան. անարատին` եւ արհամարհեաց:

20. Եթէ չէ՞ր ապականեալ հաստատութիւն նոցա. եւ զմնացորդս նոցա կերիցէ հուր:

21. Բայց աղէ` լեր խիստ եթէ ժուժկալեսցե՞ս: Եւ եթէ պտուղ քո եղիցի ի բարութիւնս.

22. ընկալ ի բերանոյ նորա դաւանութիւն, եւ առ զբանս նորա ի սրտի քո:

23. Եւ եթէ դարձցիս` եւ խոնարհեցուսցես զանձն քո առաջի Տեառն, հեռի արարեր ի յարկի քում զանիրաւութիւն:

24. Նստցիս յամրութիւն վիմի, եւ իբրեւ ի վէմ ձորոյն Սովփերայ:

25. Եւ եղիցի ամենակալն աւգնական քեզ ի թշնամեաց. եւ յստակ հատուսցէ քեզ իբրեւ զարծաթ զտեալ:

26. Ապա համարձակեսցիս առաջի Տեառն. հայեցեալ յերկին զուարթութեամբ:

27. Յաղաչել քում առ նա լուիցէ քեզ. տացէ քեզ հատուցանել զաղաւթս քո:

28. Դարձուսցէ քեզ զյարկն արդարութեան. եւ ի ճանապարհս քո եղիցի լոյս:

29. Զի խոնարհեցուցեր զանձն, եւ ասացեր թէ ամբարտաւանեցի: Եւ զխոնարհս աչաւք` կեցուսցէ:

30. Եւ փրկեսցէ զանարատն, եւ ապրեսցիս սրբութեամբ ձեռաց քոց: