Իսահակի ամուսնությունը Ռեբեկայի հետ
1. Եվ Աբրահամը ծեր էր ու առաջացած տարիքում: Եվ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին:
2. Եվ Աբրահամն ասաց իր տան ավագ ծառային, ով իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր երանքիս տակ:
3. Երդվի՛ր Տիրոջով՝ երկնքի և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ ես բնակվում եմ:
4. Այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»:
5. Եվ ծառան նրան ասաց. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ: Արդյոք քո որդուն տանեմ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»:
6. Եվ Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ:
7. Տերը՝ երկնքի Աստվածը, Ով ինձ դուրս բերեց իմ հոր տանից և իմ ծննդավայրից, Ով խոսեց ինձ հետ և խոստացավ ինձ՝ ասելով. «Այս երկիրը քո սերնդին եմ տալու», Նա Իր հրեշտակին կուղարկի քո առջևից, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար:
8. Եվ եթե կինը չուզենա գալ քո ետևից, այնժամ դու անպարտ կլինես այս երդումից, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»:
9. Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և այդ բանի համար երդում տվեց:
10. Եվ ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ, քանի որ իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին, և վեր կացավ ու գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը:
11. Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ: Այդ ժամին կանայք գալիս էին ջրհորից ջուր հանելու:
12. Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի Աստված, թող այսօր հաջողվի իմ հանդիպումը, և ողորմություն արա իմ տիրոջը՝ Աբրահամին:
13. Ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ: Այս քաղաքի մարդկանց դուստրերը գալիս են ջուր հանելու:
14. Թող այնպես լինի, որ այն աղջիկը, որին ես կասեմ՝ իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ, և նա ասի՝ խմիր, և քո ուղտերին էլ ջուր կտամ, լինի նա, ում ընտրել ես Քո ծառա Իսահակի համար: Եվ այդպես կիմանամ, որ Դու իմ տիրոջը ողորմություն ես անում:
15. Եվ դեռ իր խոսքը չվերջացրած, ահա սափորն ուսին՝ եկավ Աբրահամի եղբայր Նաքորի կնոջ՝ Մեղքայի որդու՝ Բաթուելի դուստր Ռեբեկան:
16. Եվ աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, ու ոչ մի այր նրան չէր ճանաչել: Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու վեր բարձրացավ:
17. Եվ ծառան շտապ նրան ընդառաջ գնաց ու ասաց. «Քիչ խմելու ջուր տուր քո սափորից»:
18. Եվ նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ»: Եվ իսկույն սափորն իջեցրեց թևին և ջուր տվեց նրան:
19. Եվ երբ վերջացրեց, ասաց. «Ուղտերիդ համար էլ ջուր կհանեմ, որ բոլորը խմեն ու հագենան»:
20. Եվ իսկույն սափորի ջուրը թափեց ավազանի մեջ և շտապեց ջրհորից ջուր հանելու: Եվ նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց:
21. Իսկ այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերը հաջողություն է տվել իր ճանապարհին, թե՞ ոչ:
22. Եվ երբ ուղտերը խմելը վերջացրին, մարդը կես սիկղ կշռով ոսկե օղ և թևերի համար տասը սիկղ ոսկի կշռով երկու ապարանջան առավ:
23. Եվ հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ, քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»:
24. Եվ նա պատասխանեց նրան. «Ես Մեղքայի և Նաքորի որդու՝ Բաթուելի դուստրն եմ»:
25. Նաև ասաց. «Մենք հարդ ու ճարակ շատ ունենք, իջևանելու տեղ ևս»:
26. Եվ մարդը խոնարհվեց ու երկրպագեց Տիրոջը:
27. Եվ ասաց. «Օրհնյա՛լ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իմ տիրոջից չզրկեց Իր ողորմությունն ու ճշմարտությունը: Ես ճանապարհ էի ընկել, և Տերն ինձ իմ տիրոջ եղբայրների տուն առաջնորդեց»:
28. Եվ աղջիկը շտապ գնաց ու այս բաները պատմեց իր մորը:
29. Եվ Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով: Եվ Լաբանը շտապ դուրս եկավ ու դեպի աղբյուրը՝ այն մարդու մոտ գնաց,
30. Որովհետև տեսնելով օղը և քրոջ թևերի ապարանջանները ու լսելով իր քրոջ՝ Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց այն մարդն ինձ հետ», եկավ նրա մոտ: Եվ ահա նա կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ:
31. Եվ ասաց. «Ե՛կ, ով Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում: Ես քեզ համար տուն և քո ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»:
32. Եվ մարդը տուն եկավ: Լաբանն արձակեց ուղտերի կապերը, նրանց հարդ ու ճարակ տվեց, նաև ջուր տվեց նրա և նրա հետ եղող մարդկանց ոտքերը լվանալու համար:
33. Եվ նրա առջև կերակուր դրվեց, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև իմ խոսքը չասեմ»: Եվ Լաբանն ասաց. «Խոսի՛ր»:
34. Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ:
35. Տերն անչափ օրհնել է իմ տիրոջը, և նա մի մեծ մարդ է: Տերը նրան հոտեր և արջառներ, արծաթ և ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր և էշեր է տվել:
36. Եվ նրա կինը՝ Սառան, ծեր հասակում մի որդի ծնեց իմ տիրոջ համար, որին իմ տերը տվել է իր ողջ ունեցվածքը:
37. Եվ իմ տերն ինձ երդվել տվեց՝ ասելով. «Իմ որդու համար կին չառնես քանանացիների դուստրերից, որոնց երկրում ես բնակվում եմ:
38. Այլ գնա իմ հոր տուն՝ իմ ազգատոհմի մոտ, և իմ որդու համար կին առ»:
39. Եվ ես ասացի իմ տիրոջը. «Գուցե այդ կինը չգա իմ ետևից»:
40. Եվ նա ասաց. «Տերը, Ում առջև ես քայլում եմ, Իր հրեշտակին կուղարկի քեզ հետ, քո ճանապարհը հաջողված կլինի, և դու իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տանից:
41. Եվ այն ժամանակ իմ երդումից անպարտ կլինես»:
42. Եվ ես այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի Աստված, եթե հաջողություն ես տալիս իմ այս ճանապարհին, որով գնում եմ,
43. Ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ, և լինի այնպես, որ այն աղջիկը, ով կգա ջրհորից ջուր հանելու, ու ես նրան ասեմ. «Քո սափորից ինձ քիչ ջուր տուր, որ խմեմ»,
44. Եվ նա էլ ինձ ասի. «Դու խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», թող նա լինի այն կինը, որին Տերն ընտրել է իմ տիրոջ որդու համար»:
45. Եվ դեռևս իմ մտքում չէի վերջացրել խոսքս, ահա եկավ Ռեբեկան՝ սափորն ուսին, և իջավ աղբյուրի մոտ ու ջուր հանեց: Ես ասացի նրան. «Ինձ ջո՛ւր տուր»:
46. Եվ նա իսկույն սափորն իջեցրեց ուսից և ասաց. «Խմի՛ր, և ուղտերիդ էլ ջուր կտամ»: Եվ ես խմեցի, ու նա ուղտերին էլ ջուր տվեց:
47. Ես հարցրեցի նրան. «Դու ո՞ւմ դուստրն ես»: Նա էլ ասաց. «Մեղքայի Նաքորի համար ծնած որդու՝ Բաթուելի դուստրն եմ»: Այնժամ ես օղը նրա քթին և ապարանջանները նրա թևերին անցկացրի:
48. Եվ խոնարհվեցի ու Տիրոջը երկրպագեցի: Օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որ ուղիղ ճանապարհով ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդուն կին առնելու համար:
49. Եվ արդ, եթե իմ տիրոջը շնորհ ու ողորմություն եք անելու, ասացե՛ք, իսկ եթե ոչ, դարձյալ ասեք, որ ես աջ կամ ձախ դառնամ»:
50. Եվ Լաբանն ու Բաթուելը պատասխանեցին ու ասացին. «Այս բանը Տիրոջից է: Մենք քեզ վատ կամ լավ չենք կարող ասել:
51. Ահա Ռեբեկան քո առջև է, վերցրու նրան և գնա: Եվ թող նա լինի քո տիրոջ որդու կինը, ինչպես որ ասել է Տերը»:
52. Եվ երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջը:
53. Եվ ծառան արծաթեղեն, ոսկեղեն զարդեր և հանդերձներ տվեց Ռեբեկային: Եվ պատվական ընծաներ տվեց նաև նրա եղբորն ու մորը:
54. Եվ կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որ իր հետ էին ու գիշերեցին այնտեղ: Առավոտյան արթնացան, և նա ասաց. «Ինձ իմ տիրոջ մոտ ճանապարհեք»:
55. Եվ նրա եղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգա»:
56. Եվ նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողություն է տվել իմ ճանապարհին: Ինձ ճանապարհեք, և ես իմ տիրոջ մոտ կգնամ»:
57. Եվ նրանք ասացին. «Կանչենք աղջկան և նրա կամքը հարցնենք»:
58. Եվ կանչեցին Ռեբեկային ու հարցրեցին նրան. «Այս մարդու հետ կգնա՞ս»: Եվ նա պատասխանեց՝կգնամ:
59. Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց:
60. Եվ օրհնեցին Ռեբեկային ու ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, թող շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը տիրի իր թշնամիների քաղաքներին»:
61. Եվ վեր կացան Ռեբեկան ու իր աղախինները, նստեցին ուղտերի վրա և գնացին այն մարդու ետևից: Եվ ծառան առավ Ռեբեկային ու գնաց:
62. Եվ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորի մոտից, որովհետև բնակվում էր հարավային երկրում:
63. Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել՝ խորհրդածելու: Եվ բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ ահա ուղտեր են գալիս:
64. Եվ Ռեբեկան էլ բարձրացրեց իր աչքերը, տեսավ Իսահակին ու իջավ ուղտից:
65. Եվ հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»: Եվ ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»: Եվ նա քողն առավ ու ծածկվեց:
66. Եվ ծառան Իսահակին պատմեց այն ամենի մասին, ինչ որ արել էր:
67. Եվ Իսահակը նրան իր մոր՝ Սառայի վրանը տարավ: Նա առավ Ռեբեկային, ու նա իր կինը դարձավ: Եվ Իսահակը սիրեց նրան ու մխիթարվեց իր մոր մահից հետո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: