Գիրք` 1. Ծննդոց

Գլուխ 16

ԱԳԱՐԸ ԵՒ ԻՍՄԱՅէԼԸ
   
1. Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում: Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր:
2. Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին.  «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»: Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին:
3. Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ:
4. Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից:
5. Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ: Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»:
6. Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»: Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից:
7. Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է:
8. Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում »: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»:
9. Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»:
10. Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»:
11. Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները:
12. Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց »:
13. Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»:
14. Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»: Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ:
15. Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ:
16. Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին: