Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 3

   
1․ Եւ օ՛ձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս որ ի վերայ երկրի զոր արա՛ր Տէր Աստուած։ Եւ ասէ օձն ցկինն. Զի՞ է զի ասաց Աստուած թէ յամենայն ծառոց որ իցեն ի ներքս ի դրախտի այդր՝ մի՛ ուտիցէք։

2․ Եւ ասէ կինն ցօձն. Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցո՜ւք։

3․ Բայց ի պտղոյ ծառոյն, որ է ի մէջ դրախտին, ասաց Աստուած՝ մի՛ ուտիցէք ի նմանէ, և մի՛ հուպ լինիցիք՝ զի մի՛ մեռանիցիք։

4․ Եւ ասէ օձն ցկինն. Ո՛չ եթէ մահու մեռանիցիք։

5․ Զի գիտէ՛ր Աստուած թէ յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանայցեն աչք ձեր, և լինիցիք իբրև զաստուածս, ճանաչել զբարի՛ և զչար։

6․ Եւ ետես կինն՝ զի բարի՛ էր ծառն ի կերակուր, և հաճո՛յ աչաց հայելոյ, և գեղեցի՛կ ի տեսանել։ Եւ ա՛ռ ի պտղոյ նորա, եկեր. և ետ առն իւրում ընդ իւր, և կերան։

7․ Եւ բացան աչք երկոցունց, և գիտացին զի մե՛րկ էին. և կարեցին տերևս թզենւոյ, և արարին իւրեանց սփածանելիս։

8․ Եւ լուան զձայն զգնալոյ Տեառն Աստուծոյ ի դրախտի անդ՝ ընդ երեկս, և թաքեա՛ն Ադամ և կին իւր յերեսաց Տեառն Աստուծոյ՝ ի մէջ ծառոց դրախտին։

9․ Եւ կոչեաց Տէր Աստուած զԱդամ, և ասէ ցնա. Ո՞ւր ես։

10․ Եւ ասէ. Լուա՛յ զձայն քո ի դրախտի աստ՝ և երկեայ. քանզի մե՛րկ էի՝ և թաքեայ։

11․ Եւ ասէ ցնա. Ո՞ պատմեաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի ևեթ չուտել, կերա՞ր արդևք ի նմանէ։

12․ Եւ ասէ Ադամ. Կինս զոր ետուր ընդ իս՝ սա՛ ետ ինձ ի ծառոյ անտի և կերայ։

13․ Եւ ասէ Տէր Աստուած ցկինն.  Զի՞նչ գործեցեր զայդ։ Եւ ասէ կինն. 0ձն խաբեաց զիս, և կերայ։

14․ Եւ ասէ Տէր Աստուած ցօձն. Փոխանակ զի արարեր դու զայն, անիծեա՛լ լիջիր դու յամենայն անասնոց և յամենայն գազանաց երկրի. ի վերայ լանջաց և որովայնի քոյ գնասցես, և հո՛ղ կերիցես զամենայն աւուրս կենաց քոց։

15․ Եւ եդից թշնամութիւն ի մէջ քո և ի մէջ կնոջդ, և ի մէջ զաւակի քոյ և ի մէջ զաւակի դորա. նա սպասեսցէ քո՛ւմ գլխոյ, և դու սպասեսցես նորա՛ գարշապարի։

16․ Եւ ցկինն ասէ. Բազմացուցանելո՛վ բազմացուցից զտրտմութիւնս քո և զհեծութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս. և առ այր քո դարձ քո, և նա՛ տիրեսցէ քեզ։

17․ Եւ ցԱդամ ասէ. Փոխանակ զի լուար ձայնի կնոջդ քոյ, և կերար ի ծառոյ անտի, յորմէ պատուիրեցի քեզ անտի միա՛յն չուտել, և կերար ի նմանէ, անիծեա՛լ լիցի երկիր ի գործս քո. տրտմութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոց։

18․ Փո՛ւշ և տատասկ բուսուսցէ՛ քեզ. և կերիցես զբանջար վայրի։

19․ Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչև դարձցիս յերկիր ուստի առար. զի հող էիր և ի հո՛ղ դարձցիս։

20․ Եւ կոչեաց Ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս. զի նա՛ է մայր ամենայն կենդանեաց։

21․ Եւ արա՛ր Տէր Աստուած Ադամայ և կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս, և զգեցո՛յց զնոսա։

22․ Եւ ասէ Տէր Աստուած. Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ՝ գիտել զբարի և զչար։ Եւ արդ գուցէ ձգիցէ զձեռն և առնուցու ի ծառոյն կենաց, ուտիցէ և կեցցէ յաւիտեան։

23․ Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտի փափկութեան՝ գործե՛լ զերկիր ուստի առաւ։

24․ Եւ եհան զԱդամ, և բնակեցո՛յց յանդիման դրախտին փափկութեան. և հրամայեաց քերոբէից և բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց։