Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 6

   
1․ Եւ եղև իբրև սկսաւ մարդիկն բազմանալ ի վերայ երկրի. և դստերք ծնան նոցա։

2․ Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերսն մարդկան զի գեղեցի՛կ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։

3․ Եւ ասէ Տէր Աստուած. Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկա՛նդ յայդմիկ յաւիտեան. վասն լինելոյ դոցա մարմին։ Եւ եղիցին աւո՛ւրք դոցա ամք հարիւր քսան։

4․ Եւ սկա՛յք էին ի վերայ երկրի յաւո՛ւրսն յայնոսիկ։ Եւ յետ այնորիկ իբրև մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, և ծնա՛ն իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից ա՛րք անուանիք։

5․ Եւ իբրև ետես Տէր Աստուած եթէ բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի. և ամենայն ոք խորհէր ի սրտի իւրում խնամո՛վ ի չարիս զամենայն աւուրս։

6․ Եւ ստրջացա՛ւ Աստուած զի արար զմարդն ի վերայ երկրի. և մտախո՛հ եղև ի սրտի իւրում։

7․ Եւ ասէ Տէր Աստուած. Ջնջեցի՛ց զամենայն մարմին զոր արարի յերեսաց երկրի, ի մարդոյ մինչև յանասուն. և ի սողնոց մինչև ի թռչունս երկնից. զի բարկացա՛յ զի արարի զնոսա։

8․ Բայց Նոյ եգիտ շնորհս առաջի Տեառն Աստուծոյ։

9․ Եւ ա՛յս են ծնունդք Նոյի։ Նոյ՝ ա՛յր արդար կատարեալ էր յազգի անդ իւրում. և հաճո՛յ եղև Նոյ Աստուծոյ։

10․ Եւ ծնաւ Նոյ երիս որդիս. զՍէմ, զՔամ, զՅաբէթ։

11․ Եւ ապականեցա՛ւ երկիր առաջի Աստուծոյ, և լցա՛ւ երկիր անիրաւութեամբք։

12․ Եւ ետես Տէր Աստուած զերկիր, և էր ապականեալ. զի ապականեա՛ց ամենայն մարմին զճանապարհս իւր ի վերայ երկրի։

13․ Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Ժամանակ ամենայն մարդոյ հասեա՛լ է առաջի իմ. զի լցա՛ւ երկիր անիրաւութեամբք ի նոցանէ. և ահա ես ապականեցի՛ց զնոսա՝ և զերկիր։

14․ Արդ՝ արա՛ դու քեզ տապան ի չորեքկուսի փայտից, խո՛րշս խորշս գործեսցես զտապանն. և նաւթի՛ւ ծեփեսցես զնա ներքոյ և արտաքոյ։

15․ Եւ այսպէս արասցես զտապանն. յերեքհարևր կանգնոյ զերկայնութիւն տապանին, և ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն, և յերեսուն կանգնոյ զբարձրութիւնն։

16․ Քաղելո՛վ գործեսցես զտապանն, և ի մի՛ կանգուն կատարեսցես զնա ի վերուստ. և զդուրս տապանին ի կողմանէ՛ արասցես։ Ներքնատո՛ւնս և միջնատո՛ւնս. և վերնատո՛ւնս գործեսցես ի նմա։

17․ Եւ ահա ես ածից ջրհեղեղ ջրոյ ի վերայ երկրի, ապականե՛լ զամենայն մարմին յորում է շունչ կենդանի ի ներքոյ երկնից. և ինչ որ իցէ ի վերայ երկրի՝ սատակեսցի։

18․ Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ. և մտցես ի տապանն. դո՛ւ և որդիք քո, և կին քո, և կանայք որդւոց քոց ընդ քեզ։

19․ Եւ յամենայն անասնոց և յամենայն գազանաց և յամենայն մարմնոյ. երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն բուծանել ընդ քեզ. արու և է՛գ լինիցին։

20․ Յամենայն հաւուց թռչնոց ըստ ազգի, և յամենայն անասնոց ըստ ազգի. և յամենայն սողնոց երկրի ըստ ազգի իւրեանց. երկո՛ւ երկու յամենայնէ մտանիցեն առ քեզ կերակրել ընդ քեզ արո՛ւ և էգ։

21․ Եւ դու առնուցուս քեզ յամենայն կերակրոց զոր ուտիցէք, և ժողովեսցես դու առ քեզ. և եղիցի քե՛զ և նոցա կերակուր։

22․ Եւ արար Նոյ զամենայն զոր պատուիրեաց նմա Տէր Աստուած. նո՛յնպէս և արար։