1․ Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Մո՛ւտ դու և ամենայն տուն քո ի տապանդ. զի զքե՛զ տեսի արդար առաջի իմ յազգիդ յայդմիկ։
2․ Եւ յամենայն անասնոց սրբոց մո՛յծ ընդ քեզ եւթն եւթն արո՛ւ և էգ, և յամենայն անասնոց որ ո՛չ են սուրբ, երկո՛ւս երկուս արու և էգ։
3․ Եւ ի թռչնոց երկնից սրբոց՝ եւթն եւթն արու և էգ. և ի թռչնոց որ ո՛չ սուրբ են՝ երկու երկու արո՛ւ և էգ, բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի։
4․ Եւ ա՛յլևս եւթն օր, և ածից ես անձրև ի վերայ երկրի զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, և ջնջեցի՛ց զամենայն հասակ զոր արարի յերեսա՛ց երկրի։
5․ Եւ արա՛ր Նոյ զամենայն, զոր միանգամ պատուիրեաց նմա Տէր Աստուած։
6․ Նո՛յ էր ամաց վեց հարիւրոց, և ջրհեղեղ ջուրցն եղև ի վերայ երկրի։
7․ Եւ եմուտ Նոյ և որդիք իւր, և կին նորա, և կանայք որդւոց նորա ընդ նմա ի տապանն վասն ջո՛ւրցն հեղեղի։
8․ Եւ ի թռչնոց սրբոց, և ի թռչնոց որ ո՛չ սուրբ էին. և յամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի,
9․ երկու երկու մտին առ Նոյ ի տապան անդր՝ արու և էգ, որպէս պատուիրեաց նմա Տէր Աստուած։
10․ Եւ եղև յետ եւթն աւուր, և ջուր ջրհեղեղին եղև՛ ի վերայ երկրի։
11․ Յամին վեցհարիւրորդի կենացն Նոյի. յեւթներորդում ամսեանն ի քսան և եւթն ամսոյն. և պատառեցան ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց. և սահանք երկնից բացան։
12․ Եւ եղև անձրև ի վերայ երկրի զքառասուն տիւ, և զքառասուն գիշեր։
13․ Յաւուր յայնմիկ եմուտ Նոյ. Սէմ, Քամ, Յաբէթ. որդիք Նոյի, և կին Նոյի, և երեք կանայք որդւոց նորա ընդ նմա ի տապան անդր։
14․ Նոքա և ամենայն գազանք ըստ ազգի, և ամենայն անասուն ըստ ազգի իւրեանց, և ամենայն սողուն շարժուն ի վերայ երկրի ըստ ազգի իւրեանց։ Եւ ամենայն հաւ թռչուն ըստ ազգի իւրում*,
15․ մտին առ Նոյ ի տապան անդր երկու երկու յամենայն մարմնոյ յորում է շունչ կենդանի։
16․ Եւ որ մտանէինն՝ արու և էջ յամենայն մարմնոյ մտանէին, որպէս պատուիրեա՛ց Աստուած Նոյի։
17․ Եւ փակեա՛ց Տէր Աստուած արտաքոյ նորա զտապանն։ Եւ եղև ջրհեղեղ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր ի վերայ երկրի։ Եւ բազմացա՛ւ ջուրն և վերացոյց զտապանն. և բարձրացաւ յերկրէ։
18․ Եւ զօրանայր ջուրն և բազմանայր յոյժ ի վերայ երկրի։ Եւ շրջէր տապանն ի վերայ ջրոց։
19․ Եւ սաստկանայր ջուրն յոյժ յո՛յժ ի վերայ երկրի և ծածկէր զամենայն լերինս բարձունս որ էին ի ներքոյ երկնից։
20․ Հնգետասա՛ն կանգուն բարձրացաւ ջուրն ի վեր. և ծածկեաց զամենայն լերինս։
21․ Եւ մեռա՛ւ ամենայն մարմին շարժուն ի վերայ երկրի, թռչնոց և անասնոց և գազանաց. և ամենայն սողուն զեռուն ի վերայ երկրի, և ամենայն մարդ։
22․ Եւ ամենայն որ ունէր շունչ կենդանի յըռնգունս իւր. և ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի մեռա՛ւ։
23․ Եւ ջնջեա՛ց զամենայն հասակ որ էր ի վերայ երեսաց երկրի, ի մարդոյ մինչև յանասուն. ի սողնոց մինչև ի թռչունս երկնից. և ջնջեցան յերկրէ։ Եւ մնաց միայն Նո՛յ և որ ընդ նմա էին ի տապանի անդ։
24․ Եւ բարձրացա՛ւ ջուրն ի վերայ երկրի աւուրս հարիւր և յիսուն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: