Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 17

   
1․ Եւ եղև Աբրամ ամաց իննըսուն և ինունց։ Եւ երևեցաւ Տէր Աստուած Աբրամու և ասէ ցնա. Ե՛ս եմ Աստուած քո, հաճո՛յ լեր առաջի իմ, և լեր անարա՛տ։
2․ Եւ եդից զուխտ իմ ընդ իս և ընդ քեզ, և բազմացուցից զքեզ յո՛յժ յոյժ։
3․ Եւ անկա՛ւ Աբրամ ի վերայ երեսաց իւրոց։ Եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած
4․ և ասէ. Եւ իմ ահաւադիկ ուխտ ընդ քեզ. և եղիցես հայր բազմութեան ազգաց։
5․ Եւ ո՛չ կոչեսցի այսուհետև անուն քո Աբրամ, այլ եղիցի անուն քո Աբրաա՛մ, զի հայր ազգա՛ց բազմաց եդի զքեզ։
6․ Եւ աճեցուցից զքեզ յոյժ, և եդից զքեզ յազգս. և թագաւորք ի քէ՛ն ելցեն։
7․ Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս և ընդ քեզ, և ի մէջ զաւակի քոյ յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական. լինել քեզ Աստուած և զաւակի քում յետ քո։
8․ Եւ տաց քե՛զ և զաւակի քում զերկիրս զայս, յորում բնակես պանդխտութեամբ. զամենայն երկիրդ Քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական. և եղէց նոցա Աստուած։
9․ Բայց դու զուխտ իմ պահեսցե՛ս, և զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։
10․ Եւ ա՛յս է ուխտ իմ, զոր պահեսցես ընդ իս և ընդ քեզ, և ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։
11․ Թլփատեսցի՛ ձեր ամենայն արու, և թլփատեսջիք զմարմին անթլփատութեան ձերոյ. և եղիցի նշանա՛կ ուխտին ընդ իս և ընդ ձեզ։
12․ Եւ մանուկ՝ ութօրեա՛յ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր. ընտոծինն և արծաթագինն, և յամենայն օտարածնէ որ ո՛չ իցէ ի զաւակէ քումմէ, թլփատելո՛վ թլփատեսցի ընտոծին տան քոյ և արծաթագին քո։
13․ Եւ եղիցի ուխտ իմ ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։
14․ Արուն անթլփատ՝ որ ո՛չ թլփատեսցէ զմարմին անթլփատութեան իւրոյ յաւուր ութերորդի, սատակեսցի՛ անձնն այն յազգէ իւրմէ. զի ցրեա՛ց զուխտ իմ։
15․ Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Եւ Սարայի կնոջ քո ո՛չ կոչեսցի անուն նորա Սարա, այլ Սարրա՛ եղիցի անուն նորա։
16․ Եւ օրհնեցից զնա. և տաց քեզ ի նմանէ որդի՛, և օրհնեցից զնա, և եղիցի յազգս, և թագաւորք ազգաց ի նմանէ եղիցին։
17․ Անկա՛ւ Աբրաամ ի վերայ երեսաց իւրոց և ծիծաղեցաւ. և խօսեցաւ ի սրտի իւրում և ասէ. Թէ հարիւրամենի՝ որդի՞ լինիցի. և Սարրա՝ իննըսնամեայ ծնանիցի՞։
18․ Եւ ասէ Աբրաամ ցԱստուած. Իսմայէլս այս կեցցէ՛ առաջի քո։
19․ Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Այո՛։ Ահա Սարրա կին քո ծնցի քեզ որդի. և հաստատեցից զուխտ իմ ընդ նմա ուխտ յաւիտենական, և ընդ զաւակի նորա յետ նորա։
20․ Եւ վասն Իսմայելի ահա լուա՛յ քեզ. և օրհնեցից զնա, և աճեցուցից զնա և բազմացուցից զնա յոյժ. և երկոտասա՛ն ազգ ծնցի, և տաց զնա յա՛զգ մեծ։
21․ Բայց զուխտ իմ հաստատեցի՛ց ընդ Սահակայ, զոր ծնցի քեզ Սարրա ի ժամանակի յայսմիկ ի միւսում տարւոջ։
22․ Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա. և վերացաւ Աստուած յԱբրաամէ։
23․ Եւ ա՛ռ Աբրաամ զԻսմայէլ զորդի իւր, և զամենայն ընտոծինս իւր, և զամենայն զարծաթագինս իւր, և զամենայն արու արանց որ էին ի տան Աբրաամու. և թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա ի ժամանակի աւուրն այնորիկ, որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած։
24․ Եւ Աբրաամ էր ամաց իննըսուն և ինունց ի ժամանակի յորում թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։
25․ Եւ Իսմայէլ որդի նորա երեքտասանամեա՛յ էր՝ յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։
26․ Ի ժամանակի աւուրն այնորիկ թլփատեցաւ Աբրաա՛մ և Իսմայէլ որդի նորա.
27․ և ամենայն արք տան նորա։ Եւ ընտոծինք և արծաթագինք որ էին յազգաց օտարաց՝ թլփատեա՛ց զնոսա։