Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 25

   
1․ Եւ յաւե՛լ Աբրաամ առնուլ կին որում անուն էր Քետտուրա։
2․ Եւ ծնաւ նմա զԷմրան, և զՅեկտան, և զՄադան, և զՄադիան, և զԵսբոկ, և զՍովիւէ։
3․ Եւ Յեկտան ծնաւ զՍաբա, և զԹեման, և զԴադան։ Եւ եղեն որդիք Դադանայ, Ռագուէլ, և Նաբդեէլ, և Ասուրիիմ, և Ղատուսիիմ, և Ղովոմիմ։
4․ Եւ որդիք Մադիամու, Գեփար, և Ափեր, և Ենոք, և Աբիգա, և Եդրագա։ Ամենեքեան սոքա էին որդիք Քետուրայ։
5․ Եւ ե՛տ Աբրաամ զամենայն ինչս իւր Իսահակա՛յ որդւոյ իւրում։
6․ Եւ որդւոց հարճիցն իւրոց որ էին Աբրաամու, ե՛տ Աբրաամ պարգև՛ս. և արձակեա՛ց զնոսա յԻսահակայ որդւոյ իւրոյ մինչդեռ ինքն կենդանի էր՝ ընդ արևելս յերկիրն արևելից։
7․ Եւ ա՛յս են ամք աւուրց կենացն Աբրաամու զորս եկեաց, հարիւր եւթանասուն և հինգ ամ։
8․ Եւ պակասեալ Աբրաամու մեռա՛ւ ի բարւոք ծերութեան, ալևորեալ և լի՛ աւուրբք. և յաւելաւ առ ժողովուրդ իւր։
9․ Եւ թաղեցին զնա Իսահակ և Իսմայէլ որդիք նորա, յայրի՛ անդ ի կրկնում յագարակին Եփրոնի որդւոյ Սահառայ Քետացւոյ. որ է յանդիմա՛ն Մամբրէի.
10․ ագարա՛կն և այրն զոր ստացաւ Աբրաամ յորդւոցն Քետայ։ Ա՛նդ թաղեցին զԱբրաամ և զՍառա կին նորա։
11․ Եւ եղև յետ մահուանն Աբրաամու, օրհնեա՛ց Աստուած զԻսահակ զորդի նորա։ Եւ բնակեցաւ Իսահակ առ Ջրհորի՛ տեսլեանն։
12․ Եւ ա՛յս են ծնունդք Իսմայելի որդւոյ Աբրաամու, զոր ծնաւ Ագա՛ր Եգիպտացի Աբրաամու՝ աղախինն Սառայի։
13․ Եւ ա՛յս են անուանք որդւոցն Իսմայելի. ըստ անուանց ազգացն նորա։ Անդրանիկն Իսմայելի Նաբեովթ և Կեդար, և Աբդեէլ, և Մաբսամ,
14․ և Մասմա, և Իդումա, և Մասէ,
15․ և Քողդադ, և Թեմա, և Յետուր, և Նափէս, և Կեդմա։
16․ Սոքա են որդիք Իսմայելի, և ա՛յս են անուանք նոցա ի հանգրուանս իւրեանց, և ի խորանս իւրեանց, երկոտասան իշխանք նոցա ըստ ազգաց իւրեանց։
17․ Եւ ա՛յս են ամք կենաց Իսմայելի, հարիւր երեսուն և եւթն ամ. և պակասեալ մեռաւ, և յաւելաւ յազգ իւր։
18․ Եւ բնակեցաւ յԵւիլայ մինչև ցՍուր որ է յանդիման Եգիպտոսի, մինչև ի գալ յԱսորեստանեայս. յանդիման ամենայն եղբարց իւրոց բնակեցաւ։
19․ Եւ ա՛յս են ծնունդք Իսահակայ որդւոյ Աբրաամու. Աբրաամ ծնաւ զԻսահակ։
20․ Եւ էր Իսահակ ամաց քառասնից յորժամ ա՛ռ զՌեբեկա զդուստր Բաթուելի Ասորւոյ, որ էր ի Միջագետա՛ց Ասորւոց, զքոյր Լաբանու Ասորւոյ ի՛ւր ի կնութեան։
21․ Եւ աղաչէր Իսահակ զՏէր վասն Ռեբեկայ կնոջ իւրոյ՝ զի ամո՛ւլ էր։ Եւ լուա՛ւ նմա Աստուած. և յղեցաւ Ռեբեկա կին նորա։
22․ Եւ խաղային մանկունք ի նմա։ Եւ ասէ՝ եթէ այսպէս լինիցի ինձ, ընդէ՞ր իցէ ինձ այս։ Եւ գնա՛ց հարցանել ի Տեառնէ։
23․ Եւ ասէ ցնա Տէր. Երկո՛ւ ազգք են յարգանդի քում, և երկո՛ւ ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին. և ժողովուրդ զժողովրդեամբ ելևե՛լ առնիցէ, և երէցն կրտսերո՛յն ծառայեսցէ։
24․ Եւ իբրև լցան նորա աւուրք ծնանելոյ. և էին երկո՛ւ որդիք յորովայնի նորա։
25․ Եւ եկն ե՛լ որդին անդրանիկ շառագոյն ամենևին՝ իբրև զմորթ թա՛ւ, և անուանեաց զանուն զորա Եսա՛ւ. և ապա ե՛լ եղբայր նորա, և ձեռն նորա ունէր զգարշապարէ Եսաւայ. և կոչեաց զանուն նորա Յակո՛բ։
26․ Եւ Իսահակ էր ամաց վաթսնի՛ց՝ յորժամ ծնաւ զնոսա Ռեբեկա։ Եւ աճեցին մանկունքն։
27․ Եւ էր Եսաւ՝ այր հմո՛ւտ որսոյ վայրա՛գ. և Յակոբ՝ այր առանց պաճուճանաց ընտասուն։
28․ Եւ սիրեաց Իսահակ զԵսաւ, զի որս նորա կերակո՛ւր էր նմա. և Ռեբեկա սիրէր զՅակոբ։
29․ Եւ էր եփեալ Յակոբայ թա՛ն. և եկն Եսաւ ի դաշտէ՝ նքթեալ։
30․ Եւ ասէ Եսաւ ցՅակոբ. Տո՛ւր ինձ ճաշակել ի շիկաթանէ՛դ յայդմանէ, զի նքթեա՛լ եմ։ Վասն այնորիկ կոչեցաւ անուն նորա Եդոմ։
31․ Եւ ասէ Յակոբ ցԵսաւ. Վաճառեա՛ ինձ այսօր զանդրանկութիւնս քո։
32․ Եւ ասէ Եսաւ. Ահաւասիկ ես երթա՛մ ի վախճանել, և առ իմէ՞ իցեն ինձ այն անդրանկութիւնք։
33․ Եւ ասէ ցնա Յակոբ. Երդուի՛ր ինձ այսօր։ Եւ երդուա՛ւ նմա։ Եւ վաճառեաց Եսաւ զանդրանկութիւնս իւր Յակոբայ։
34․ Եւ Յակոբ ետ Եսաւայ հա՛ց և թան ոսպնեայ. կերա՛ւ և արբ, և յարեաւ գնա՛ց։ Եւ անարգեա՛ց Եսաւ զանդրանկութիւնն։