Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 45

   
1․ Եւ ոչ կարաց Յովսէփ ժոյժ ունել առաջի ամենեցուն` որ շուրջ զնովաւն կային. այլ ասէ` Հանէք զամենեսին արտաքս յինէն: Եւ չկայր եւս ոք անդ առ նմա` յորժամ ետ ծանաւթս եղբարց իւրոց:

2․ Եւ ձայն բարձեալ լալով հանդերձ` մինչ լուան Եգիպտացիքն. եւ ազդ եղեւ ի տուն փարաւոնի:

3․ Ասէ Յուսէփ ցեղբարսն իւր. Ես եմ Յովսէփ. արդարեւ տակաւին կենդանի՞ է հայր իմ: Եւ ոչ կարէին եղբարք նորա տալ նմա պատասխանի. զի խռովեցան յերեսաց նորա:

4․ Ասէ Յովսէփ ցեղբարսն իւր. Մաւտ եկայք առ իս: Եւ չոգան մաւտ. եւ ասէ. Ես եմ Յովսէփ եղբայրն ձեր, զոր դուք վաճառեցէք յԵգիպտոս:

5․ Բայց մի ինչ տրտմիք. եւ մի խիստ թուեսցի ձեզ զի վաճառեցէք զիս այսր. քանզի ի փրկութիւն առաքեաց զիս Աստուած առաջի ձեր:

6․ Զի այս երկրորդ ամ է սովոյս ի վերայ երկրի. եւ այլ եւս հինգ ամ յորս ոչ լինիցի վար,

7․ եւ ոչ հունձք: Եւ զիս առաքեաց Աստուած առաջի ձեր առ ի թաղլոյ ձեզ զաւակ յերկրի. եւ կերակրել զձեզ մնացորդս մեծամեծս:

8․ Եւ արդ` ոչ եթէ դուք առաքեցէք զիս այսր, այլ Աստուած. եւ արար զիս հայր փարաւոնի, եւ տէր ամենայն տան նորա, եւ իշխան ամենայն երկրիս Եգիպտացւոց:

9․ Արդ` փութացեալ ելէք առ հայրն իմ եւ ասացէք ցնա. Այսպէս ասէ որդին քո Յովսէփ: Արար զիս Աստուած տէր ամենայն երկրիս Եգիպտացւոց. արդ` եկ էջ առ իս. եւ մի հեղգար:

10․ Եւ բնակեսցես յերկրիս Գեսեմ, յԱրաբիա. եւ եղիցես մաւտ առ իս. դու եւ որդիք քո` եւ որդիք որդւոց քոց, եւ ոչխար քո, եւ արջառ քո, եւ որ ինչ քո իցէ:

11․ Եւ կերակրեցից զքեզ աստ. զի այլ եւս հինգ ամ կայ սովոյս. զի մի սատակիցիս դու եւ որդիք քո, եւ ամենայն ատացուածք քո:

12․ Ահաւասիկ աչք ձեր տեսանեն, եւ աչք Բենիամինի եղբաւր իմոյ տեսանեն, զի բերան իմ խաւսի ընդ ձեզ.

13․ արդ պատմեցէք հաւր իմոյ զամենայն զփառս իմ, որ են յԵգիպտոս. եւ որչափ ինչ տեսանէք դուք: Եւ փութացեալ իջուցէք զհայրն իմ այսր:

14․ Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբաւր իւրոյ ելաց, եւ Բենիամին ելաց ի վերայ պարանոցի նորա:

15․ Եւ համբուրեաց զամենայն եղբարս իւր, եւ ելաց ի վերայ նոցա: Յետ այնորիկ խաւսեցան եղբարք նորա ընդ նմա:

16․ Եւ հնչեաց համբաւն ի տուն փարաւոնի, եւ ասեն. Եկին եղբարք Յովսէփու: Ուրախ եղեւ փարաւոն եւ ծառայք նորա:

17․ Ասէ փարաւոն ցՅովսէփ. Ասա ցեղբարս քո. այսպէս արարէք. լցէք զբեռինս ձեր` եւ երթայք յերկիրն Քանանացւոց:
18․ Եւ առեալ զհայր ձեր եւ զստացուածս ձեր` եկեսջիք առ իս. եւ տաց ձեզ յամենայն բարութեանցս Եգիպտացւոց. եւ կերիջիք զուղիւղ երկրիս:

19․ Եւ տուր զայս հրաման. տացես առնուլ յերկրէս Եգիպտացւոց սայլս, մանկանց եւ կանանց ձերոց. եւ առեալ զհայրն ձեր ածիցէք:

20․ Եւ մի ագահիցեն աչք ձեր ի կահ ձեր. զի բարութիւն ամենայն երկրիս Եգիպտացւոց ձեզ լիցի:

21․ Եւ արարին այնպէս արդիքն Իսրայէլի, եւ ետ նոցա Յովսէփ սայլս` ըստ բանիցն փարաւոնի արքայի. եւ ետ նոցա պաշար ի ճանապարհ:

22․ Եւ ամենեցուն ետ կրկին պատմուճանս. եւ Բենիամինի ետ երեք հարիւր դահեկան, եւ հինգ պատմուճանս փոխանակաւ:

23․ Եւ հաւրն իւրում ետ տանել նոյնպէս: Եւ տասն իշոյ բեռինս յամենայն բարութեանց Եգիպտացւոց. եւ տասն ջորի նպարակաւոր, եւ կերակուր հաւրն իւրում ի ճանապարհ:

24․ Եւ արձակեաց զեղբարս իւր` եւ գնացին: Եւ ասէ ցնոսա. Մի զայրանայցէք ինչ ի ճանապարհի:

25․ Ելին յԵգիպտոսէ, եւ չոգան յերկիրն Քանանացւոց առ Յակոբ հայրն իւրեանց:

26․ Եւ պատմեցին նմա, եւ ասեն. Որդի քո Յովսէփ կենդանի է. եւ նա է իշխան ամենայն երկրին Եգիպտացւոց: Եւ զարմացաւ ի միտս իւր Յակոբ. զի ոչ հաւատայր նոցա:

27․ Եւ խաւսեցան ընդ նմա զամենայն ինչ` զոր ասաց Յովսէփ: Եւ իբրեւ ետես զսայլսն զոր առաքեաց Յովսէփ առնուլ զնա, արծարծեցաւ ոգին Յակոբայ հաւր նոցա:

28․ Եւ ասէ Իսրայէլ` Մեծ է ինձ` եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ Յովսէփ. երթայց տեսից զնա մինչ չեւ մեռեալ իցեմ: