Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 108

ՄԱՐԴՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ ՆԵՂՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ
   
1. Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2. Ո՜վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր, քանզի մեղաւորի բերանը՝ բերանը նենգաւորի, բացուեց ինձ վրայ: Խօսեցին իմ մասին նենգամիտ լեզուով
3. եւ ատելութեան խօսքերով պաշարեցին ինձ՝ յանիրաւի մարտնչելով իմ դէմ:
4. Սիրուս փոխարէն մեղադրեցին ինձ, բայց ես աղօթքի կանգնեցի:
5. Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարէն, եւ իմ սիրոյ դիմաց՝ ատելութիւն:
6. Նրա դէմ մի չարագործ հանի՛ր, եւ սատանան թող կանգնի նրա աջ կողմում:
7. Իր դատաստանից թող նա յանցապարտ դուրս գայ, եւ նրա աղօթքը մեղք թող համարուի:
8. Թող նուազեն օրերը նրա, եւ նրա պաշտօնը թող ուրիշն առնի:
9. Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի:
10. Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, եւ թող նրանք հեռանան իրենց բնակավայրից:
11. Պարտատէրը թող խուզարկի ողջ ունեցուածքը նրա, օտարները թող յափշտակեն վաստակը նրա:
12. Թող ոչ ոք աջակից չլինի նրան, եւ նրա որբերին ոչ ոք չգթայ:
13. Թող նրա որդիները կոտորուեն, եւ նրա անունը թող ջնջուի սերնդի միջից:
14. Թող Տիրոջ առջեւ յիշուեն նրա հօր մեղքերը, եւ նրա մօր մեղքերը չսրբուեն:
15. Թող նրանք ամէն ժամ Տիրոջ առջեւ լինեն, եւ նրանց յիշատակը թող վերանայ երկրից,
16. քանզի նա ողորմութիւն անելը չյիշեց, հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով:
17. Նա, որ անէծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնութիւն, թող այն հեռու լինի նրանից:
18. Անէծքը, որ նա հագաւ ինչպէս հանդերձ, թող ջրի պէս լցուի նրա փորը, եւ ձէթի պէս՝ նրա ոսկորների մէջ:
19. Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, եւ մէջքին կապելու մշտական գօտի:
20. Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջեւ, եւ ովքեր չարախօսում էին իմ մասին:
21. Բայց դու, Տէ՛ր, Տէ՛ր, վարուի՛ր ինձ հետ ինչպէս վայել է անուանդ, քանզի քաղցր է ողորմութիւնը քո:
22. Եւ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես, եւ սիրտս խռովուած է իմ ներսում:
23. Ստուերի պէս երկարելով սպառուեցի, եւ թափ տրուեցի ինչպէս մարախ:
24. Ծնկներս թուլացան ծոմապահութիւնից, եւ գունաթափուեց մարմինս իւղի պակասից:
25. Ես նրանց նախատինքը դարձայ, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց:
26. Օգնի՛ր ինձ, Տէ՛ր Աստուած իմ, եւ փրկի՛ր ինձ քո ողորմութեամբ:
27. Թող իմանան, որ քո ձեռքն այսպիսին է, եւ որ, Տէ՛ր, դո՛ւ արեցիր այս:
28. Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրայ յարձակուողները թող ամօթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանայ քեզնով:
29. Իմ մասին չարախօսողները թող ամօթ հագնեն եւ իրենց ամօթը թիկնոցի պէս կրեն իրենց վրայ:
30. Իսկ ես մեծ գոհութիւն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմութիւնների մէջ պիտի օրհնեմ քեզ,
31. քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ: