ԹԱԳԱՒՈՐԸ ՅՈՅՍԸ ԴՆՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՎՐԱՅ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ:
3․ Նրա սրտի ուզածը տուիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր:
4․ Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին:
5․ Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից:
6․ Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ, փառք ու պարծանք կը դնես նրա վրայ:
7․ Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ:
8․ Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի:
9․ Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին:
10․ Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի:
11․ Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց:
12․ Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք:
13․ Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը:
14․ Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: