Փառաբանության երգ
1․ Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։
2․ Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։
3․ Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։
4․ Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։
5․ Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։
6․ Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։
7․ Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։
8․ Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։
9․ Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։
10․ Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։
11․ Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։
12․ Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։
13․ Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։
14․ Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։
15․ Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։
16․ Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։
17․ Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։
18․ Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,
19․ Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
20․ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։
21․ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։
22․ Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: