ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
1․ Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ:
2․ Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի:
3․ Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան:
4․ Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին:
5․ Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ:
6․ Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի:
7․ Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան:
8․ Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց:
9․ Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ:
10․ Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ:
11․ Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու:
12․ Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ. ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը:
13․ Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը, եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել:
14․ Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն:
15․ Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր:
16․ Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին:
17․ Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար:
18․ Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից:
19․ Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին:
20․ Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից:
21․ Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու:
22․ Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կը զղջայ:
23․ Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում Նրա վրայ, չպիտի զղջան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: