Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 57

ԵՐԿՐԱՅԻՆ ԴԱՏԱՒՈՐՆԵՐԻ ԴԱՏԱՒՈՐԸ
   
1․ Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի
2․ Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ:
3․ Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրէնութիւն էք գործում երկրի երեսին, եւ ձեր ձեռքերն անիրաւութիւն են նիւթում:
4․ Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին:
5․ Նրանց կատաղութիւնը նման է օձի թոյնի, վիշապ օձի թոյնի, որ խցել է իր ականջները,
6․ որպէսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի եւ դեղ չառնի իմաստուն դեղատուից:
7․ Աստուած պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում. Տէրը կոտրատեց ժանիքներն առիւծների:
8․ Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն: Երբ նրանք իրենց աղեղները լարեն,
9․ թող հալուեն մոմի նման ու սպառուեն: Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան:
10․ Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստուած նրանց դժնիկի պէս ողջ-ողջ պիտի այրի բարկութեամբ:
11․ Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ:
12․ Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ, եւ կայ Աստուած,
որ երկրի վրայ դատում է նրանց: