Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 94

ԱՂԵՐՍ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ
   
Դաւթի օրհներգը
1․ Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն:
2․ Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած:
3․ Մեծ է Աստուած, Տէր, մեծ թագաւոր ողջ աշխարհում:
4․ Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների:
5․ Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին:
6․ Եկէ՛ք երկրպագենք նրան, խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ:
7․ Տէր Աստուածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները:
8․ Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում,
9․ որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը:
10․ Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»:
11․ Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ: