ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ
1. Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2. Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը:
3. Օրը օրուան միտք է հաղորդում, եւ գիշերը գիշերուան գիտութիւն է ցոյց տալիս:
4. Չկան բառեր, ոչ էլ խօսքեր, դրանց հնչիւնները լսելի չեն:
5. Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց:
6. Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով:
7. Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչեւ ծայրերը նրա, ու չկայ մէկը, որ թաքնուի նրա տապից:
ՏԻՐՈՋ ՕՐԷՆՔԸ
8. Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին:
9. Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զուարճացնում է սրտերը. Տիրոջ պատուիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին:
10. Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին՝ արդար:
11. Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նոյնպէս եւ քաղցր՝ մեղրից ու խորիսխից աւելի:
12. Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կը լինի:
13. Նրա յանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՜ր:
14. Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կը լինեմ ու կը մաքրուեմ մեծ մեղքերից:
15. Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդներն յարաժամ քո առջեւ լինեն,
Տէ՜ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: