Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 79

ԱՂՕԹՔ ԻՍՐԱՅԷԼԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
   
1․ Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայութիւնը. սաղմոս եթովպացիների մասին

2․ Դու, որ հովւում ես Իսրայէլին՝ [նայիր], Դու, որ առաջնորդում ես Յովսէփի ցեղին ինչպէս հօտ, Դո՛ւ, որ քերովբէների վրայ ես նստում՝
յայտնուի՛ր

3․ Եփրեմի, Բենիամինի ու Մանասէի առջեւ, արթնացրո՛ւ քո զօրութիւնը եւ արի՛ մեզ փրկելու:

4․ Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

5․ Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մինչեւ ե՞րբ պիտի բարկանաս քո ծառաների աղօթքի վրայ: 6 Մեզ արտասուախառն հացով սնեցիր, եւ անչափ արտասուք խմեցրիր մեզ:

7․ Մեզ դարձրիր նախատինքը մեր հարեւանների եւ ծաղրուծանակը մեր թշնամիների:

8․ Զօրութիւնների՛ Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք:

9․ Դու Եգիպտոսից Իսրայէլ-որթատունկը հանեցիր, վռնդեցիր հեթանոսներին եւ այդ որթատունկը տնկեցիր:

10․ Առաջնորդեցիր նրան, հաստատուն դարձրիր նրա արմատները, եւ այն լցրեց երկիրը:

11․ Նրա ստուերը ծածկեց լեռները, եւ նրա ճիւղը՝ Աստծու մայրիները:

12․ Որթատունկն իր ճիւղերը ձգեց մինչեւ ծով, իսկ բողբոջները՝ մինչեւ Եփրատ գետը:

13․ Ինչո՞ւ քանդեցիր ցանկապատը նրա, ճանապարհի անցորդները պոկոտում էին այն:

14․ Ապականեց նրան խոզն անտառի, եւ վայրի երէն արածեց նրա մէջ:

15․ Զօրութիւնների՛ Աստուած, դարձի՛ր, նայի՛ր երկնքից ու տե՛ս, այցելի՛ր այս որթատունկին,

16․ եւ խնա՛մք տար նրան, որին տնկեց Աջը քո, նաեւ մարդու որդուն, որին դու զօրացրիր քեզնով:

17․ Այլապէս, հրով վառուած ու աւերուած, պիտի կորչեն քո խստութիւնից:

18․ Քո ձեռքը թող լինի մարդու վրայ, քո աջը՝ այն մարդու որդու վրայ, որին դու զօրացրիր քեզնով:

19․ Մենք այլեւս չենք հեռանայ քեզանից, դու պիտի փրկես մեզ, եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք, Տէ՛ր:

20․ Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, մեզ ե՛տ դարձրու, ցո՛յց տուր մեզ երեսը քո, որ ապրենք: