Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 34

ՀԱԼԱԾՈՒԱԾ ԱՐԴԱՐԻ ԱՂՕԹՔԸ
 
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1. Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ:
2. Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան:
3. Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ»:
4. Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները:
5. Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց:
6. Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց:
7. Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ իզուր նախատեցին ինձ:
8. Նրանց վրայ կը հասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կը բռնի ոտքը նրանց, եւ նրանք կ՚ընկնեն այդ որոգայթի մէջ:
9. Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ:
10. Իմ բոլոր ոսկորները կ՚ասեն. «Տէ՛ր, ո՞վ է քեզ նման»: Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից:
11. Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղեակ էի:
12. Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ:
13. Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ,
եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան:
14. Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ:
15. Հաւաքուեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ.
նրանք ցրուեցին, բայց չզղջացին.
16. Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դէմ:
17. Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես: Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից, եւ միամօրիկիս՝ առիւծներից:
18. Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ:
19. Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի եւ իրար աչք էին անում ինձ համար:
20. Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում:
21. Բացին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»:
22. Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձանից:
23. Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ:
24. Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստուած:
Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով:
25. Եւ չասեն իրենց մտքում. «Երնէ՜կ, երնէ՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»:
26. Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ մեծախօսողները:
27. Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով եւ միշտ ասեն՝ «Մեծ է Աստուած»:
28. Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի: