ԻՍՐԱՅԷԼԻ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Թող ելնի Աստուած, նրա բոլոր թշնամիները թող ցրուեն, ու նրան ատողները փախչեն իր առջեւից:
3․ Ինչպէս ծուխն է ցնդում, այնպէս պիտի անհետանան նրանք.ինչպէս մոմն է հալւում կրակի դիմաց, այնպէս էլ մեղաւորները պիտի կորչեն Աստծու երեսից:
4․ Արդարները թող ուրախ լինեն, թող ցնծան նրա առջեւ եւ զուարճանան իրենց ուրախութեամբ:
5․ Օրհնեցէ՛ք Աստծուն, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, ճանապա՛րհ տուէք նրան, ով [ընթանում է դեպի արեւմուտք]. եւ Տէր է անունը նրա: Թող մարդիկ ցնծան նրա առջեւ, եւ թող խռովուեն նրա երեսից,
6․ որ հայրն է որբերի ու դատաւորն այրիների՝ Աստուած իր սուրբ բնակարանում:
7․ Աստուած [միայնակներին] բնակեցնում է տան մէջ եւ իր քաջութեամբ ազատում գերեալներին ու դառնացած գերեզմանաբնակներին:
8․ Աստուա՛ծ, երբ քայլեցիր քո ժողովրդի առջեւից, երբ անցար անապատով,
9․ ցնցուեց երկիրը, եւ երկինքը ցօղ թափեց [Սինայի Աստծու առջեւ], Իսրայէլի Աստծու առջեւ:
10․ Ցանկալի անձրեւ պատրաստեցիր, Աստուա՛ծ, քո ժառանգութեան համար, որը թէեւ տկարացաւ, բայց դու ոտքի կանգնեցրիր նրան:
11․ Եւ քո ժողովուրդը պիտի բնակուի [ավետյաց երկրի] մէջ: Աստուա՛ծ, քո քաղցրութեամբ պատրաստութիւն տեսար աղքատի համար:
12․ Տէրը պատգամ պիտի տայ նրանց, ովքեր մեծ զօրութեամբ աւետիս են տալիս:
13․ [Թագավորը` սիրելի ժողովուրդի զորությունը խոստացավ ավարը բաժանել գեղեցիկ տան հետ]։
14․ [երբ հանգիստ գտնեք ձեր կալվածքների մեջ, կունենաք աղավնու պես արծաթապատ թևեր ու ոսկեգույն թիկնամեջ։]
15․ Երբ երկնաւորը, [հեթանոս] թագաւորներին [ցրեց երկրի վրա, նրանք ձյունով ծածկվեցին, ինչպես Սաղմոնի լեռը:]
16․ Աստծու լեռը պարարտ լեռ է, հաստատուն լեռ եւ պարարտ լեռ:
17․ Ո՛վ հպարտ լեռներ, ի՞նչ էք նախանձում այն լերանը, որտեղ բարեհաճեց բնակուել Աստուած, եւ Տէրն իսկ բնակուելու է այնտեղ յաւիտեան:
18․ Աստծու կառքերը բիւրապատիկ են՝ հազարաւոր կառավարներով, որոնց մէջ է Տէրն իր սուրբ Սինայից:
19․ Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին. աւար առաւ, պարգեւներ բաշխեց ու տուեց մարդկանց որդիներին, [անգամ բնակվեց խորը թերահավատների մեջ]։
20․ Օրհնեալ է Տէր Աստուածը, օրհնեալ է Տէրն ամէն օր. Աստուած՝ փրկիչը մեր, պիտի առաջնորդի մեզ:
21․ Աստուած մեր կենարար Աստուածն է, եւ Տիրոջ ձեռքում է ելքը մահուան:
22․ Սակայն Աստուած պիտի փշրի մեր թշնամիների գլուխը եւ կարճամազ պիտի պահի նրանց, ովքեր ընթանում են իրենց անօրէնութեամբ:
23․ Տէրն ասաց. «Անդունդների խորքից ես պիտի վերադարձնեմ եւ ժանիքների միջից դուրս կորզեմ նրան:
24․ Այնպէս որ ոտքդ արեան մէջ թրջուի, եւ քո շների լեզուները թրջուեն թշնամիներիդ արիւնից»:
25․ Երեւաց քո երթն, Աստուա՛ծ, Աստծու՝ մեր սուրբ թագաւորի երթը:
26․ Իշխաններն առաջ անցան օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ:
27․ Խմբովին օրհնեցէ՛ք Աստծուն, օրհնեցեք Տիրոջը [դուք որ Իսրայէլի սենդից եք]:
28․ Այնտեղ են Բենիամին զարմանահրաշ մանուկը, Յուդայի երկրի առաջնորդ իշխանները եւ Զաբուղոնի ու Նեփթաղիմի իշխանները:
29․ Հրամայի՛ր, Աստուա՛ծ, քո զօրութեամբ, զօրացրո՛ւ այն, ինչ հաստատեցիր մեր մէջ:
30․ Երուսաղէմի քո տաճարից թագաւորները թող ընծաներ մատուցեն:
31․ Սաստի՛ր [մեր թշնամիներին, որոնք նման են եղէգնուտի գազանին և ցուլերի ու երինջների երամակներին, որ չարհամարեն արդարներին, որոնք մաքուր են ինչպէս զտված արծաթը]: Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին:
32․ Եգիպտոսից [աղոթողներ] պիտի գան, եւ [Եթովպացիները] աւելի առաջ պիտի [ձեռքները կարկառեն դեպի Աստված]:
33․ Աշխարհի՛ թագաւորութիւններ, օրհնեցէ՛ք Աստծուն, եւ սաղմո՛ս երգեցէք Տիրոջը:
34․ Ճանապա՛րհ բացէք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում, արեւելեան կողմում: Ահա նա ձայն պիտի տայ, ձայնն իր զօրութեան:
35․ Փա՛ռք տուէք Աստծուն. նրա մեծ վայելչութիւնն Իսրայէլի վրայ է, իսկ զօրութիւնը հասնում է մինչեւ երկնքի ամպերը
36․ Սքանչելի է Աստուած իր սրբերի մէջ. նա Աստուածն է Իսրայէլի, որ իր ժողովրդին հաստատ զօրութիւն պիտի տայ. օրհնեալ է Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: