Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 93

ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԷԺԽՆԴԻՐ
   
Դաւթի չորեքշաբթի օրուայ սաղմոսը
1․ Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր:
2․ Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին:
3․ Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան,
4․ յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում:
5․ Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին, եւ քո ժառանգութիւնը չարչարեցին:
6․ Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.
7․ «Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»:
8․ Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք:
9․ Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի:
10․ Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի:
11․ Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են:
12․ Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում:
13․ Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի:
14․ Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի,
15․ մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն:
16․ Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում:
17․ Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում:
18․ Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ:
19․ Սրտիս ցաւերի բազմանալու ժամին քո մխիթարութիւնը [ուրախացնում էր հոգիս]:
20․ Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան, որ վնաս է պատճառում օրէնքին:
21․ Արդարի հոգին որսացին, եւ անմեղի արիւնն էին դատապարտում:
22․ Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը:
23․ Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր: