Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 117

Ալէլուիա. ՃԺԷ:
   
1. Խոստովան եղերուք Տեառն զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

2. Ասասցէ տուն Իսրայէլի զի բարի է զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

3. Ասասցէ տուն Ահարոնի, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

4. Ասասցեն երկիւղածք Տեառն զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

5. Ի նեղութեան կարդացի առ Տէր, եւ լուաւ ինձ յանդորր:

6. Տէր է իմ աւգնական եւ ես ոչ երկեայց, զի՞ արասցէ ինձ մարդ:

7․ Տէր է իմ աւգնական, եւ ես տեսից ի թշնամիս իմ:

8. Բարի է յուսալ ի Տէր քան յուսալ ի մարդիկ, 9 բարի է յուսալ ի Տէր քան յուսալ յիշխանս:

10. Ամենայն ազինք շրջեցան զինեւ, եւ անուամբ Տեառն յաղթեցի նոցա:

11. Շրջելով շրջեցան զինեւ, պաշարեցին զիս ի միասին, եւ անուամբ Տեառն վանեցի զնոսա:

12. Շրջեցան զինեւ որպէս մեղուք, վառեցան բորբոքեցան որպէս փուշք ի հուր, եւ անուամբ Տեառն մերժեցի զնոսա:

13. Ի մերժելն դրդուեցայ եւ եղէ մերձ ի գլորել. եւ Տէր իմ ընկալաւ զիս:

14. Զաւրութիւն իմ եւ աւգնութիւն իմ Տէր, եւ եղեւ ինձ ի փրկութիւն:

15. Ձայն ցնծութեան փրկութեան` ի յարկս արդարոց:

16. Աջ Տեառն արար զաւրութիւն, աջ Տեառն բարձր արար զիս, եւ աջ Տեառն արար զաւրութիւն:

17. Ոչ մեռայց, այլ կեցից եւ պատմեցից զգործս Տեառն:

18. Խրատելով խրատեաց զիս Տէր, եւ ի մահ ոչ մատնեաց:

19. Բացէք ինձ դրունս արդարութեան զի մտից ընդ այն եւ խոստովան եղէց Տեառն:

20. Այս դուռն Տեառն է, եւ արդարք մտանեն ընդ սա:

21. Խոստովան եղէց քեզ Տէր զի լուար ինձ, եւ եղեր ինձ ի փրկութիւն:

22. Վէմն զոր անարգեցին շինաւղքն, նա եղեւ գլուխ անկեան:

23. Ի Տեառնէ եղեւ այս, եւ է սքանչելի առաջի աչաց մերոց:

24. Այսաւր է զոր արար Տէր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք ի սմա:

25. Ո Տէր փրկեա ո Տէր առաջնորդեա.

26. աւրհնեալ որ գալոցդ ես յանուն Տեառն, եւ աւրհնեցաք զքեզ յանուանէ Տեառն:

27. Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ, արարէք տաւնս ուրախութեան կանխաւ, մինչչեւ յանկիւնս սեղանոյ:

28. Աստուած իմ ես դու խոստովան եղէց քեզ, Աստուած իմ ես դու` եւ բարձր արարից զքեզ: Խոստովան եղէց քեզ Տէր զի լուար ինձ, եւ եղեր ինձ ի փրկութիւն:

29. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Տունք. իը: Գոբղայս. խդ: