ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Ալէլուիա
1․ Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա:
2․ Տունն Իսրայէլի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
3․ Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
4․ Տիրոջից երկիւղ կրողները թող ասեն, որ բարի է նա, որ յաւերժ է ողորմութիւնը նրա:
5․ Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց:
6․ Տէրն օգնականն է իմ, եւ ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
7․ Տէրն օգնականն է իմ, եւ ես կը տեսնեմ վախճանն իմ թշնամիների:
8․ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ:
9․ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ:
10․ Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ յաղթեցի նրանց:
11․ Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց:
12․ Մեղուների պէս շուրջս լցուեցին, վառուեցին բորբոքուեցին ինչպէս հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անուամբ վանեցի նրանց:
13․ Երբ ինձ հրեցին, ես սասանուեցի եւ մօտ էի գլորուելու, բայց Տէրը բռնեց ինձ:
14․ Իմ զօրութիւնն ու օգնութիւնն է Տէրը, նա իմ փրկութիւնը եղաւ:
15․ Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների սրահներում:
16․ Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց:
17․ Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ:
18․ Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան:
19․ Բացէ՛ք արդարութեան դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհութիւն մատուցեմ:
20․ Տիրոջ դուռն է սա, եւ արդարները այս դռնո՛վ պիտի մտնեն:
21․ Գոհութիւն պիտի մատուցեմ Քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ, եւ ինձ համար փրկութիւն եղար:
22․ Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձաւ անկիւնաքար:
23․ Տիրոջից եղաւ այս բանը, եւ սքանչելի է մեր աչքերին:
24․ Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր:
25․ Ո՛վ Տէր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդի՛ր:
26․ Օրհնեալ ես Դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք Քեզ Տիրոջ տնից:
27․ Մե՛ր Տէր Աստուածը երեւաց մեզ, կատարեցէ՛ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝ մուտքից մինչեւ անկիւնները սեղանի:
28․ Դու իմ Աստուածն ես, պիտի գոհութիւն մատուցեմ Քեզ, Դու իմ Աստուածն ես, պիտի մեծարեմ Քեզ: Գոհութիւն պիտի մատուցեմ Քեզ, Տէ՛ր, քանզի լսեցիր ինձ, եւ ինձ համար փրկութիւն եղար:
29․ Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի յաւերժ է ողորմութիւնը Նրա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: