Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 138

ՄԵԾԱՐԱՆՔ ԱՄԵՆԱԳԷՏ ԱՍՏԾՈՒՆ
   
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1. Տէ՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ:
2. Դու իմացար իմ նիստուկացը, հեռուից հասկացար իմ մտածումները:
3. Իմ շաւիղներն ու վիճակը դու քննեցիր, եւ բոլոր ճանապարհներս նախապէս տեսար:
4. Իմացար, որ լեզուիս տակ նենգութիւն չկայ:
5. Ահա դու, Տէ՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր եւ ձեռքդ դրիր ինձ վրայ:
6. Զարմանալի է քո իմացութիւնն իմ մասին, այնքան զօրեղ, որ չեմ կարող հասու լինել դրան:
7. Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դէմքից ո՞ւր փախչեմ:
8. Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես:
9. Եթէ առաւօտեան թեւեր առնեմ ու բնակուեմ ծովի եզերքին,
10. այնտեղ էլ քո ձեռքն ինձ կ՚առաջնորդի, եւ աջդ ինձ կ՚ընդունի:
11. Ասացի՝ գուցէ խաւարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձ իմ վայելքի լոյսի փոխարէն 546:
12. Խաւարը քեզ համար խաւար չի լինի, եւ գիշերը լուսաւոր ցերեկ կը դառնայ, ու նրա մթութիւնն ինչպէս լոյս կ՚երեւայ:
13. Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր:
14. Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի:
15. Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում:
16. Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում: Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանք:
17. Ինձ համար խիստ պատուական եղան քո բարեկամներն, Աստուա՛ծ, եւ շատ զօրացան նրանց իշխանները 547:
18. Հաշուեցի նրանց, եւ աւազից շատ դուրս եկան. արթնացայ՝ եւ ահա քեզ հետ եմ:
19. Դու, Աստուա՛ծ, պիտի սպանես մեղաւորներին. արիւնարբո՛ւ մարդիկ, հեռացէ՛ք ինձնից:
20. Հակառակութեամբ ու նախանձով նրանք իզուր պիտի տիրեն քո քաղաքներին:
21. Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի:
22. Կատարեալ ատելութեամբ ատեցի նրանց, եւ նրանք թշնամի դարձան ինձ:
23. Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները,
24․ եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով: