Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 9Բ

ԱՂՕԹՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
1. Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ:
2. Ամբարշտի յոխորտալուց տոչորւում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք,
3. քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է:
4. Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն, թէ չի ստանայ հատուցում:
5. Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները: Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կը տիրի իր բոլոր հակառակորդներին:
6. Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կ՚ապրի առանց փորձանքի:
7. Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք:
8. Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին:
9. Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է յափշտակելու աղքատին, յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան:
10. Նրան կը գցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի:
11. Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար:
12. Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին:
13. Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի:
14. Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար: Քեզ է ապաւինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը:
15. Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն:
16. Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից:
17. Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝
18. տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին: