Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 103

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՍՔԱՆՉԵԼԻՔՆԵՐԸ
   
Սաղմոս Դաւթի, աշխարհագործ արարածների մասին

1․ Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տէ՛ր իմ Աստուած, անչափ մեծ ես, գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր:
2․ Լոյսը կրեցիր ինչպէս վերարկու, երկինքը փռեցիր վրանի պէս,
3․ քո վերնայարկը հաստատեցիր ջրերի վրայ: Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին:
4. Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորներ:
5․ Երկիրը հաստատեց իր հիմքերի վրայ, որ յաւիտեան չսասանուի:
6․ Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն: Ջրերը կանգնած են լեռների վրայ:
7․ Նրանք պիտի փախչեն քո սաստից, եւ քո որոտի ձայնից պիտի սարսափեն:
8․ Լեռները պիտի ելնեն ու դաշտերն իջնեն այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք:
9․ Սահման դրիր, որպէսզի չանցնեն եւ չողողեն երկիրը նորից:
10․ Աղբիւրները դէպի ձորերն ուղղեցիր, եւ ջրերը լեռների միջով պիտի հոսեն՝
11․ յագեցնելու ծարաւը բոլոր գազանների ու վայրի էշերի:
12․ Այնտեղ երկնքի թռչունները բոյն պիտի դնեն եւ ժայռերի միջից ձայն պիտի տան:
13․ Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցուի:
14․ Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար, եւ հողից հաց հանեցիր:
15․ Գինին ուրախացնում է մարդուն, իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը:
16․ Թող յագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ Դու տնկեցիր:
17․ Այնտեղ երկնքի թռչունները ձագ կը հանեն, եւ արագիլի բոյնը նրանց ապաստան կը լինի:
18․ Բարձր լեռները եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար:
19․ Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացաւ պահն իր մայրամուտի:
20․ Դու խաւարը ստեղծեցիր, ու գիշեր եղաւ, որի մէջ շրջում են բոլոր գազաններն անտառի:
21․ Առիւծների կորիւնները մռնչում են ու յօշոտում՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով:
22․ Արեւածագին նրանք հաւաքւում են եւ հանգչում իրենց որջերում:
23․ Մարդ մինչեւ երեկոյ գնում է իր գործին ու վաստակին իր ձեռքերի:
24․ Որքա՜ն մեծ են գործերը քո, Տէ՛ր, ամէն ինչ իմաստութեամբ ստեղծեցիր դու, եւ աշխարհը լցուեց քո ստեղծածներով:
25․ Ահա ծովը՝ մեծ եւ լայնատարած, որի մէջ վխտացող կենդանիներին թիւ չկայ. այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ.
26․ այնտեղ նաեւ նաւերն են լողում: Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ:
27․ Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս:
28․ Տալիս ես նրանց, ու նրանք կերակրւում են, բացում ես ձեռքդ եւ քո հաճութեամբ սնում բոլորին:
29․ Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովւում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառւում եւ հող են դառնում:
30․ Ուղարկում ես քո շունչը եւ վերստեղծում նրանց, ու նորոգում երեսը երկրի:
31․ Թող Տիրոջ փառքը յաւիտեան լինի, եւ Տէրն ուրախանայ իր արարածներով:
32․ Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ եւ նրանք ծուխ են արձակում:
33․ Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ:
34․ Օրհնութիւնն իմ քաղցր կը լինի նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով:
35․ Թող մեղաւորները պակասեն աշխարհից, եւ անօրեններ թող չգտնուեն նրա մէջ: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը: Ալէլուիա: