Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 145

ԱՍՏՈՒԱԾ՝ ՏԿԱՐՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆ
   
1․ Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
2․ Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ:
3․ Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ:
4․ Երբ դուրս գայ նրանց հոգին, նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան:
5․ Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,
6․ Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,
7․ Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը, եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներին եւ արձակում բանտարկեալներին:
8․ Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին: Սիրում է Տէրն արդարներին:
9․ Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,
եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների:
10․ Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ: