Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 46

ԳԵՐԱԳՈՅՆ ԻՇԽՈՂԸ
   
1․ Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին. սաղմոս Դաւթի
2․ Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն:
3․ Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ:
4․ Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց:
5․ Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց:
6․ Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով:
7․ Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք:
8․ Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստուած է, սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ:
9․ Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստուած բազմեց իր սրբութեան գահին:
10․ Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ, քանզի Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից: