ՍԷՐ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՀԱՆԴԷՊ
1․ Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի
2․ Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին,
ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ:
3․ Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին:
4․ Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստուած:
5․ Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի, իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց:
6․ Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից:
7․ Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստուա՛ծ Իսրայէլի:
8․ Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ:
9․ Եղբայրներիս համար ես օտար եղայ, եւ մօրս որդիների համար՝ հիւր:
10․ Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ:
11․ Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ:
12․ Քուրձն ինձ հագուստ դարձրի, եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ:
13․ Ինձ չարախօսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ:
14․ Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր: Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ,
քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ:
15․ Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից:
16․ Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն,
ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի:
17․ Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ:
18․ Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես:
19․ Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ, եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր:
20․ Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ:
21․ Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները: Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան: Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար մխիթարիչ չգտնուեց:
22․ Կերակրի տեղ ինձ լեղի տուին, եւ ծարաւելիս քացախ խմեցրին:
23․ Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն:
24․ Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր:
25․ Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց:
26․ Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի.
27․ քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին, եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին:
28․ Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ:
29․ Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից, եւ քո արդարների շարքում չարձանագրուեն:
30․ Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի:
31․ Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան:
32․ Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի:
33․ Աղքատները կը տեսնեն ու կ՚ուրախանան. փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն,
34․ քանզի Տէրը լսեց տնանկներին, եւ իր գերեալներին չարհամարհեց:
35․ Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը եւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով:
36․ Աստուած կը փրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն:
Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն:
37․ Քո ծառաների սերունդները կը հաստատուեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կը բնակուեն նրա մէջ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: