Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 69

ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
   

1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան
2․ Աստուա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր. Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ:
3․ Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները, թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները:
4․ Թող խայտառակուած ընկրկեն նրանք, ովքեր ինձ վա՜շ վա՜շ էին ասում:
5․ Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր:
Քո պարգեւած փրկութիւնը սիրողները թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստուած»:
6․ Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուա՛ծ, օգնի՛ր ինձ. օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես. Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր: